Թուրքիան դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին՝ կապված Էգեյան եւ Միջերկրական ծովերում հունական եւ կիպրական տարածքներում նրա սադրանքների եւ խախտումների հետ:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Ֆրանսիան փորձում է «մեծացնել իր նշանակությունը», բայց դրա փոխարեն պետք է պահպանի զգուշավոր եւ կառուցողական քաղաքականություն:

«Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեր երկրի համար նշանակություն չունեն, իսկ սպառնալիքները արդյունք չեն տա»,- ասել է Աքսոյը, փոխանցում է «Անադոլուն»:

Մակրոնը ԵՄ-ին կոչ էր արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: «Լուրջ սխալ կլիներ Միջերկրական ծովում մեր անվտանգությունը  թողնել այլ գործող անձանց ձեռքին: Սա Եվրոպայի համար տարբերակ չէ, եւ Ֆրանսիան դա թույլ չի տա»,- ասել էր Մակրոնը: