Ռուսաստանը կլինի աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն կտա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին: Այս մասին CNN հեռուստաալիքին ասել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (ՈւՆՌՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը՝ պատվաստանյութի մշակումը համեմատելով Երկրի առաջին արբանյակի արձակման հետ:

«Սա նման է արբանյակի արձակման պահին: Ամերիկացիները զարմացած էին, երբ լսեցին արբանյակի ազդանշանը: Նույն բանն է կատարվում նաեւ այս պատվաստանյութի հետ: Ռուսաստանը կլինի առաջինը»,- ասել է Դմիտրիեւը: Նա հավելել է, որ ռուս գիտնականները պատվաստանյութի մշակման ժամանակ «կենտրոնացել են ոչ թե այն բանի վրա, որ առաջինը լինեն, այլ որ պաշտպանեն մարդկանց»: Հեռուստաալիքը նաեւ վկայակոչել է մի ամբողջ շարք ռուս պաշտոնյաների այն խոսքին, որ Գամալեի կենտրոնի մշակած պատվաստանյութը կարող է կիրառելու համար հավանություն ստանալ մինչեւ օգոստոսի կեսը եւ նույնիսկ ավելի վաղ, հայտնում է «Վեդոմոստին»: 

Պատվաստանյութը մշակել են Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում: Դրա կլինիկական փորձարկումներն անցկացվել են հունիսի կեսից Սեչենովի համալսարանում եւ Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալում: Կամավորների առաջին խմբին դուրս են գրել հուլիսի 15-ին, երկրորդին՝ հուլիսի 20-ին: Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւն ավելի վաղ ասել էր, որ դեղամիջոցի զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել օգոստոսին: Հետազոտության արդյունքներով տվյալները փոխանցվել են առողջապահության նախարարություն, որը որոշում կընդունի պատվաստանյութի կլիրառման մասին: Այն գրանցելուց հետո կսկսվի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը՝ նրանց, ում պատվաստել են, հարցնելու են առաջացած հնարավոր կողմնակի էֆեկտների մասին:

ՈւՆՌՀ-ն ֆինանսավորում է պատվաստանյութի հայրենական հետազոտությունները: հուլիսի 16-ին Times Radio-ի եթերում Դմիտրիեւը հայտնել էր, որ ռուսական պատվաստանյութը գիտնականները մշակել էին դեռեւս 2015 թվականին Էբոլայի դեմ, այնուհետեւ այն ձեւափոխել էին MERS-ի դեմ (Մերձավոր Արեւելքին հատուկ ատիպիկ թոքաբորբ առաջացնող կորոնավիրուս): «Այդ ամենը հրապարակված է գիտական ամսագրերում: Եվ միակ բանը, որ գիտնականներն արել են, այն է, որ ուղղակի Էբոլայի եւ MERS-ի մասերը փոխարինել են կորոնավիրուսի մասերով»,- ասել է Դմիտրիեւը:

Աշխարհում եզրափակիչ փուլում են նաեւ ամերիկյան Moderna-ի եւ բրիտանա-շվեդական AstraZeneca-ի պատվաստանյութերի մշակումները: