Թեեւ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպումը բարձր մակարդակով բավականին թանկ հաճույք է, կազմակերպիչ երկրի օգուտներն ավելի շատ են։ Այսպես՝ գերմանական Դյուսելդորֆում կազմակերպիչները ծախսել են մոտ 47 մլ եվրո։ Եկամուտները, հաշվի առնելով զբոսաշրջիկների այցելությունները եւ հեռարձակման իրավունքի վաճառքը, գերազանցել են 140 մլն եվրոն։

«Եվրատեսիլի» օրերին Դյուսելդորֆի հյուրանոցներում գները աճել են գրեթե 3 անգամ։ Նրանք, ովքեր չէին հասցրել նախապես պատվիրել հյուրանոցային համարներ, ստիպված էին չորսօրյա կացության համար ծախսել նվազագույնը 800 եվրո։ Սակայն նշենք, որ ռուսական զբոսաշրջային գործակալությունները Քյոլն-Դյուսելդորֆ հնգօրյա տուրերի փաթեթն առաջարկում էին 320 եվրոյով, սակայն այն առանձնապես մեծ պահանջարկ չի վայելել։ Տուրօպերատորների կարծիքով՝ դյուսելդորֆյան բարձր գները ինչ-որ չափով վանել են զբոսաշրջիկներին։

Ադրբեջանում եւս արդեն սկսել են հաշվարկներ անել, թե հաջորդ տարի Եվրատեսիլի վրա ինչ գումարներ կծախսվեն, եւ ինչ օգուտներ կլինեն։

Ենթադրվում է, որ Եվրատեսիլը կօգնի Ադրբեջանին՝ մոտ 10 տոկոսով ավելացնել երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը։