Պատահական չէ, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից երեխաները ցուցաբերում են հիշողության եւ լեզվական հմտությունների ցածր ցուցանիշներ։ Դա, ինչպես պարզել են կանադացի գիտնականները, կարելի է բացատրել ավելի քիչ զարգացած առաջնային հիպոկամպով: Այն մասին, թե ինչպես է ընտանիքի եկամուտը կապված երեխաների ուղեղի որոշակի հատվածների զարգացման հետ, գրում է Planet- today-ը՝ հղում անելով Nature Communications-ին:

Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են ուղեղի մի հատված, որի զարգացումը երեխայի մոտ կախված է ընտանիքի եկամտից: Դա առաջնային հիպոկամպն է, որը, ինչպես ցույց է տվել լայնամասշտաբ ուսումնասիրությունը, ավելի լավ է զարգացած հարուստ ընտանիքների երեխաների մոտ: Խոսքը ուղեղի այն հատվածի մասին է, որը էական ազդեցություն է թողնում երեխայի կոգնիտիվ ունակությունների վրա:

Ալեքսանդրա Դեկերը եւ նրա ղեկավարությամբ գիտնականները վերլուծել են տարբեր եկամուտ ունեցող ընտանիքներից 700 երեխաների մտավոր եւ ֆիզիկական ցուցանիշները, ինչպես նաեւ ուսումնասիրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքները, որոնց ենթարկել են ուսումնասիրության մասնակիցներին: Արդյունքում գիտնականները հաստատել են ընտանիքի եկամտի մակարդակի եւ երեխայի ուղեղի որոշակի հատվածների զարգացման միջեւ հստակ կապի առկայությունը:

«Սոցիալ-տնտեսական գործոնները կարող են էական դեր ունենալ երեխայի ուղեղի զարգացման մեջ: Այս կապը դեռեւս պետք է ուսումնասիրվի ավելի խորքային մակարդակում, սակայն մենք ենթադրում ենք, որ բանը նյութական եւ ոչ նյութական ռեսուրսների հասանելիության մեջ է, ինչպես նաեւ սթրեսային գործոնների մեջ, որոնք առաջանում են կյանքի ցածր մակարդակի պատճառով»,- ասում է Դեկերը: