Շնաձկների մի քանի տեսակներ, այդ թվում՝ խութային շնաձկները (Triaenodon obesus) եւ բրոնզե մուրճ-շնաձկները (Sphyrna lewini), շատ հաճախ են հանդիպում ամենաակտիվ ստորջրյա հրաբուխների շուրջ, ինչպես նաեւ՝ դրանց խառնարաններում: Թե ինչու են նրանք ընտրում հենց այդպիսի վայրերը, մնում է գիտության հիմնական գաղտնիքներից մեկը, որը կապված է օվկիանոսի հետ, հայտնում է Nat-geo-ն:
«Իրականում առայժմ հայտնի չէ, թե ինչու են նրանք ապրում այնտեղ: Դա կարող է կապ ունենալ վերարտադրության հետ, կամ կարող է նրանք պարզապես սնունդ են փնտրում»,- ասում է Ֆլորիդայի միջազգային համալսարանի ծովային էկոլոգ Մայքլ Հեյթհաուսը։
Բացահայտման մասին պատմում է շնաձկների մասին վավերագրական ֆիլմը, որը 2015-ին թողարկել է National Geographic-ը: Նկարահանումները տեղի են ունեցել Կավաչի հրաբխի մոտ՝ Սողոմոնյան կղզիների մոտակայքում: Սակայն շնաձկների տարօրինակ պահվածքի հետագա ուսումնասիրությունները ընդհատվել են Կավաչիի ակտիվացման պատճառով: Հետեւաբար, մնում են հարցեր այն մասին, թե ինչպես են շնաձկները գոյատեւում գործող խառնարանում, մակերեւույթից 18 մետր խորությամբ, որտեղ ջերմաստիճանը մոտենում է եռման կետին:
Հեյթհաուսը կարծում է, որ պատասխանը կարող է թաքնված լինել Լորենցինի ամպուլայում՝ մի քանի տեսակի ձկների զգայական օրգանում, որը նրանց թույլ է տալիս որսալ էլեկտրական դաշտերը եւ նկատել դրանց լարվածության չափազանց փոքր փոփոխությունները:
Ըստ գիտնականի վարկածի՝ շնաձկները կարող են զգալ Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունները: Դա հնարավոր է նրանց թույլ տա զգալ վերահաս ժայթքումը եւ տեղափոխվել անվտանգ վայր: Այս խորհրդավոր վեցերորդ զգայարանը, հավանաբար, շնաձկներին որս անելու եւ այլ հրաբխային կղզիներ որոնելու հնարավորություն է տալիս:
Հետազոտությունները Հեյթհաուսին հասցրել են Ռեյունյոն կղզի, որտեղ գտնվում է Պիտոն դե լա Ֆուրնեզ գործող հրաբուխը: Շնաձկներն այստեղ այնքան շատ են, որ վերջին տարիներին ափամերձ ջրերում լողալն արգելված է: 2011 թվականից Ռեյունյոնում շնաձկների հարձակման հետեւանքով 11 մարդ է մահացել: Ողբերգությունների համար հիմնականում պատասխանատու են եղել տափակաերախ շնաձկները (Carcharhinus leucas):
Հեյթհաուսը վստահ է, որ շնաձկները գործող հրաբուխների տարածքները նախընտրում են երկու պատճառով: Նախ՝ հրաբուխների լանջերից լվացվող նստվածքը ջուրը պղտոր է դարձնում, իսկ դա իդեալական պայման է գիշատիչների որսի համար: Բացի այդ, բնակավայրերի արտակարգ միջավայրը կարող է ապաստան դառնալ մարդկանցից եւ ավելի խոշոր շնաձկներից պաշտպանվելու համար:
«Շնաձկների համար ամենամեծ սպառնալիքը չափազանց շատ որսն է: Նրանց շատ են որսում, եւ դա պայմանավորված է նրանց լողակների եւ մսի պահանջարկով: Սակայն դժվար թե մտքներովդ անցնի ձուկ բռնել գորրծող հրաբխի մոտ, եւ, հավանաբար, այնտեղ հակված չեն գնալ ավելի խոշոր շնաձկները»։
«Մենք կարող ենք ստույգ չիմանալ, թե ինչու են շնաձկներն ապրում այնտեղ, բայց այն փաստը, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրանք մեծ քանակությամբ դիտվել են հրաբուխների մոտ, վկայում է այն մասին, որ սա կարեւոր տեղ է շնաձկների համար: Եթե դա ապրելու լավագույն վայրը չլիներ, նրանք այնտեղ չէին լինի»,- եզրափակում է Հեյթհաուսը:





























