Հինհռոմեական գետային նավ կկառուցվի բացառապես նույն ժամանակաշրջանի հնագույն գործիքներով եւ նավաշինական մեթոդներով: Այսինքն, պատճենը, ըստ էության, չի տարբերվի բնօրինակից: Իսկ քանի որ նման բան չի կառուցվել արդեն 1600 տարի, նախագծի հեղինակները խոսում են առաջիկա «համաշխարհային պրեմիերայի» մասին: 2022 թվականի երկրորդ կեսից նավը կսկսի նավարկությունը Դանուբով, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։

Կառուցումը կդառնա Living Danube Limes նախագծի մի մասը, որի նպատակն է օգտագործել Դանուբի ավազանում մնացած Հին Հռոմի մշակութային ժառանգությունը եւ պատմությունը՝ միաժամանակ զբոսաշրջային եւ գիտակրթական նպատակներով: Հետեւաբար կազմակերպիչների թվում կան 19 համալսարաններ՝ տարածաշրջանի տարբեր երկրներից:

Դանուբը ծառայել է որպես Հռոմեական կայսրության սահման, եւ մ.թ. 1-ին դարի կեսերից այստեղ ստեղծվել է ընդարձակ ճյուղավորված պաշտպանական ենթակառուցվածք՝ դիտաշտարակներ, ամրություններ, ռազմական բնակավայրեր եւ ճանապարհներ: Փաստորեն, ամբողջ շրջանը վերածվել է մեկ խոշոր սահմանային ճամբարի, որը միաժամանակ ակտիվ առեւտրի կենտրոն է եղել, իսկ գետն ինքնը տրանսպորտային երակի դեր է կատարել:

Living Danube Limes-ի կազմակերպիչները նշում են, որ հինհռոմեական ժառանգությունը դեռեւս շոշափելի է ափամերձ շատ քաղաքներում եւ գյուղերում, եւ նրանց միջեւ էլ նավը կնավարկի՝ դառնալով նախագծի մի տեսակ «դեսպան» եւ նրա ակնհայտ մարմնավորում