Շաբաթ Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ։ Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանի խոսքով՝ փետրվարի 21-ից սկսած՝ երկրում առաջին անգամ մեկ օրվա ընթացքում գրանցվել է 397 դեպք, երեք մարդ մահացել է վիրուսի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քաղաքի իշխանությունների հետ համատեղ առողջապահության նախարարությունը մեկուսացնում է բնակելի թաղամասեր, որտեղ գրանցվել է վարակման օջախը»,-ասել է նա։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ շաբաթ անվտանգության ուժերը փակել են Բարջա քաղաքից դեպի Բեյրութի հարավ տանող ճանապարհը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կոչ է արել բնակչությանը հետեւել անձնական հիգիենային եւ պատասխանատվությամբ վերաբերվել սանիտարահամաճարակաբանական նորմերին, մասնավորապես, սոցիալական հեռավորության պահպանմանը։

«Եթե իրավիճակը չբարելավվի երկու շաբաթվա ընթացքում, ապա մենք ստիպված կլինենք սահմանել մեկուսացման ամենօրյա ռեժիմ»-ընդգծել է նա։