Չբացահայտված թռչող օբյեկտները «հայտնաբերելու, վերլուծելու եւ քարտարանում ներառելու» համար աշխատանքային խումբ ստեղծելու Պենտագոնի հայտարարությունը ողջունելի լրացում է ՉԹՕ-ների որոնման համար, թեեւ ունի որոշ հակասություններ՝ ըստ մի փորձագետի, հայտնում է FoxNews-ը:

«Ես սատարում եմ այս նախաձեռնությանը, որը ճիշտ է ձեւակերպում խնդիրը՝ անվտանգության տեսանկյունից»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից եւ ՉԹՕ-ների հարցով քննիչ Նիք Պոուպը։

Պոուպը մատնանշել է մեկ հիմնական անհամապատասխանություն Պենտագոնի հայտարարության հետ: «2021թ․ ֆինանսական տարում հետախուզման թույլտվության մասին օրենքում աշխատանքային խումբը նշվում է որպես արդեն գործող»,- հավելել է Պոուպը, ով պաշտպանության նախարարությունում աշխատել է 1991 թվականից մինչեւ 1994 թվականը:

AATIP-ը ստեղծվել է 2007-ին՝ նախկին սենատոր Հարի Ռիդի հրահանգով: Այն դադարել է գործել 2012-ին, սակայն 2017-ին New York Times-ը հաղորդել է, որ պաշտպանության նախարարությունը դեռեւս հետաքննում է չբացահայտված թռչող օբյեկտների հետ կապված որոշ դրվագներ:

AATIP-ի նախկին ղեկավար Լուիս Էլիզոնդոն ասել է, որ մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն ՉԹՕ-ների վերաբերյալ կառավարության մեկնաբանություններին:

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հույս ունի «կատարելագործել իր ընկալումները եւ պատկերացում ստանալ ՉԹՕ-ների բնույթի եւ ծագման մասին: Նպատակային խմբի առաքելությունն է՝ գտնել, վերլուծել եւ քարտագրել ՉԹՕ-ները, որոնք կարող են հավանական սպառնալիք ներկայացնել անվտանգությանը»։