Գիտնականների խումբը անցկացրել է չորս ուսումնասիրություն, որոնցում վերլուծել է քնի պակաս ունեցող անձանց վարքագիծն ու ձեռնարկատիրական գործունեությունը: Դրանցից առաջինին մասնակցել է 350 հարցված: Փորձը սկսելուց առաջ նրանց առաջարկել են լրացնել քնի եւ ուշադրության ու հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշի (ՈւՀԴՀ) հակումների վերաբերյալ հարցաթերթիկներ: Մարդկանց հարցրել են մանրամասների վրա կենտրոնանալու եւ աշխատանքային գործընթացը կազմակերպելու ունակության, ինչպես նաեւ առաջիկա 5-10 տարիներին բիզնես սկսելու կամ ձեռք բերելու պլանների մասին: Այնուհետեւ մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ մեկին թույլատրվել է քնել, իսկ առավոտյան նորից պատասխանել թեսթային հարցերին, երկրորդին խնդրել են հարցերին պատասխանել ամեն ժամ՝ ամբողջ գիշերվա ընթացքում, գրում է Naked-Science-ը:
Երկրորդ եւ երրորդ թեսթերում մոտ 300 փորձարկվողների խնդրել են հարցաթերթիկներ լրացնել: Գիտնականները նախ գնահատել են նրանց ձեռներեցության ակտիվությունը եւ միայն դրանից հետո փորձարկել են քնի որակը եւ ՈւՀԴՀ-ի հակվածությունը: Չորրորդ ուսումնասիրությանը մասնակցել են 176 գործող ձեռներեցներ: Նրանց խնդրել են լրացնել նմանատիպ հարցաթերթիկները քնի մասին, ՈւՀԴՀ-ի դեպքում վարքի եւ մեկ այլ բիզնես բացելու մտադրության մասին: Այս խմբի անդամները միջինը 43 տարեկան են եղել, նրանցից յուրաքանչյուրը հիմնել էր մոտ երկու բիզնես եւ իր համար աշխատում էր առնվազն յոթ տարի: Նրանց կեսից ավելին տղամարդիկ են եղել:
«Քնի խանգարումները կարող են օգնել մարդկանց դադարեցնել մտածել բիզնեսի գաղափարների մասին եւ սկսել դրանց իրագործումը»,- ասում է հոդվածի համահեղինակ եւ Ջոն Հոփկինսի համալսարանի բիզնես-դպրոցի աշխատակից Բրայան Գունիան:
Հեղինակները կարծում են, որ քնի ժամանակավոր անբավարարությունը կարող է սկսնակ ձեռնարկատերերին դրդել ինքնուրույն աշխատանքի: Սակայն դեռեւս նրանք չեն կարող պատասխանել, թե որքանով են քնի խանգարումները արդյունավետ բիզնեսի հետագա վարման գործընթացում: Ամենայն հավանականությամբ, միայն դրական ազդեցություն կա քնի ժամանակավոր բացակայությունից, իսկ մշտական խնդիրները, ընդհակառակը, նվազեցնում են արտադրողականությունը: «Մենք չենք ասում զրկեք ձեզ քնից»,- ասում է Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի բիզնեսի պրոֆեսոր եւ հոդվածի համահեղինակ Ջեֆ Գիշը:
Այս աշխատանքը հակասում է ավելի վաղ ուսումնասիրություններին, որոնք քնի անբավարարությունը կապում են արտադրողականության նվազման եւ հոգնածության հետ, ինչպես նաեւ այն ներկայացնում են որպես երկարատեւ հաջողության խոչընդոտ: Բայց հեղինակները վստահ են, որ իրենց ստացած արդյունքները «կօգնեն կարգավորել այն մարդկանց կենսակերպը, ովքեր աշխատանքի կամ անձնական հանգամանքների պատճառով չեն կարողանում պահպանել առողջ քնի ռեժիմը»։





























