Ներկայումս ճապոնական ընկերություններն անցկացնում են նոր կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի մինչկլինիկական փորձարկումներ։ Այս մասին այսօր առցանց ձեւաչափով մամուլի ասուլիսում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բյուրոյի ներկայացուցիչ, բժիշկ Սոկորո Էսկալանտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ճապոնիայում ներկայումս միայն մեկ պատվաստանութ է կլինիկական թեստերի երկրորդ փուլում։ Ընդ որում՝ եւս 4 պատվաստանյութեր մինչնկլինիկական հետազոտություններ են անցնում»,- ասել է նա՝ պատասխանելով Ճապոնիայում պատվաստանյութի ստեղծման իրավիճակի հետ կապված ՏԱՍՍ-ի հարցին։
Խոսելով Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պատվաստանյութի ապագա արտադրության մասին՝ Էսկալանտեն նշել է, որ մի շարք երկրներ, ներառյալ Ավստրալիան, Չինաստանը, Սինգապուրը եւ Ճապոնիան, հայտարարել են աշխարհի այս հատվածի մյուս պետություններին օգնելու իրենց ցանկության մասին, եթե նրանց չբավականացնեն արտադրական հզորությունները։
Ճապոնական AnGes Inc. դեղագործական ընկերության մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են հունիսի վերջին։ AnGes Inc.-ը ստեղծել է ԴՆԹ-պատվաստանյութ նուկլեինաթթուների հիմքով։ Առնետների վրա թեստերը հաջող են անցել, եւ ընկերությունը մայիսի վերջին հայտնել էր, որ կրծողների մոտ հակամարմիններ են առաջացել։ ԱՀԿ տվյալներով՝ ներկայումս ամբողջ աշխարհում ընթանում են 26 պատվաստանյութերի, ներառյալ ռուսական, կլինիկական փորձարկկումներ։
Ճապոնիան ավելի վաղ համաձայնության էր հասել բրիտանա-շվեդական AstraZeneca եւ ամերիկյան Pfizer դեղագործական ընկերություններից պատվաստանյութերի մատակարարումների շուրջ։
Կորոնավիրուսի համավարակի սկզբից աշխարհում վարակվել է ավելի քան 21,6 մլն մարդ, 775 հազարից ավելին մահացել է։





























