Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակը հայտարարել է Ռուսաստանի հետ քննարկումների մեկնարկի մասին՝ COVID-19-ի դեմ Ռուսաստանի վերջերս հաստատված պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, հայտնում է Associated Press-ը:
Եվրոպայում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդը հայտնել է, որ գործակալությունը սկսել է «ուղիղ քննարկումներ» Ռուսաստանի հետ, եւ ԱՀԿ ներկայացուցիչները փոխանակում են «տարբեր քայլեր ու տեղեկատվություն, որոնք կազմակերպությանը անհրաժեշտ կլինեն գնահատականների համար»:
ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ գործակալությունը ողջունում է պատվաստանյութերի մշակման բոլոր հաջողությունները՝ միաժամանակ նշելով, որ յուրաքանչյուր պատվաստանյութ պետք է անցնի նույն կլինիկական փորձարկումները:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նախկինում գրանցել էր COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեիի անվան հետազոտական կենտրոնի կողմից՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն անվանել են «Սպուտնիկ V»: ՈՒՆՀ տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամը հայտեր է ստացել ավելի քան 20 երկրներից՝ միլիարդ չափաբաժին գնելու համար: Նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է հինգ երկրներում պատվաստանյութի արտադրության մասին, առկա կարողությունները թույլ են տալիս տարեկան 500 միլիոն չափաբաժին արտադրել:





























