Դժվար է պատկերացնել, բայց ժամանակին Սահարան պատված էր կանաչ փարթամ մարգագետիններով։ Տարածաշրջանում անոմալ երաշտը կործանել է մեծաթիվ կենդանիների, բույսերի եւ մարդկանց ստիպել տեղափոխվել։ Պարզվել է, որ այս իրադարձությունն ազդել է ոչ միայն Աֆրիկայի վրա։ Նոր հետազոտությունը վկայում է, որ 4 հազար տարի առաջ հենց Սահարայի անապատի վերածվելն է երաշտ առաջացրել Հարավարեւելյան Ասիայում, որը տեւել է 1000 տարի, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։

Գիտնականները վաղուց են ուսումնասիրում Սահարայի ներգործությունը մարդկանց վրա։ Անապատի առաջացումը հանգեցրել է Աքադյան կայսրության վերջին, Ինդյան քաղաքակրթության ապաուրբանիզացիային եւ Նեղոսի ափերին անասնաբուծության ի հայտ գալուն։ Պարզվել է, որ անապատի հայտնվելն անդրադարձել է նաեւ Հարավարեւելյան Ասիայի վրա՝ առաջացնելով հազար տարի տեւած երաշտ։

Գիտնականներն այսպիսի եզրակացություն են կատարել՝ ուսումնասիրելով Լաոսի քարանձավները։ Նրանք անալիզի են ենթարկել թթվածնի մակարդակները, ածխածնի իզոտոպները եւ ստալագմիտների նմուշներում մետաղների հետքերը, այնուհետեւ այս տվյալները միավորել են կլիմայական մոդելներին։ Սա թույլ է տվել իմանալ, որ Աֆրիկայում երաշտը ազդել է մթնոլորտի եւ օվկիանոսի վրա։

Հետազոտողներն այս կերպ հայտնաբերել են, որ 4 հազար տարի առաջ Սահարայում բուսականության կրճատումը հանգեցրել է օդում փոշու պարունակության մեծացմանը։ Սա իր հերթին սառեցրել է Հնդկական օվկիանոսը՝ արեւելք շարժելով Ուոքերի շրջապտույտը, ինչը հանգեցրել է 1000 տարի շարունակ Հարավարեւելյան Ասիայում խոնավության զգալի կրճատմանը։

Այսպիսի անոմալ երաշտը կարող էր հանգեցնել բնակչության զանգվածային տեղափոխմանը եւ գոյատեւելու նոր, ավելի կայուն ռազմավարությունների ընդունմանը։ Հնարավոր է, որ սա անգամ հանգեցրել է Հարավարեւելյան Ասիայի մայրցամաքային հատվածում նեոլիթյան հողագործության առաջացմանը, ամփոփել են հետազոտողները։