Երիտասարդների համար դժվար է հասկանալ բնապահպանական արդի խնդիրները: Բրիտանացի գիտնականները դա կապում են բազային գծի տեղաշարժի համախտանիշի հետ:
Նրանք կարծում են, որ բնության մասին գիտելիքները սերնդեսերունդ կորչում են, եւ մարդիկ նույնիսկ դա չեն նկատում. Տեղի է ունենում «սերնդային ամնեզիա»: Յուրաքանչյուր նոր սերունդ շրջակա միջավայրի պայմանները նորմալ է ընկալում, ինչը հանգեցնում է ընթացիկ փոփոխությունների թերագնահատման, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:
Ուսումնասիրության մեջ օգտագործվել են բնապահպանական գիտելիքների մոտ 900 առցանց հարցաշարերից ստացված տվյալներ: Գիտնականները փորձել են պարզել այն երկարատեւ կենսաբանական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքը, որոնք ազդել են Մեծ Բրիտանիայում 10 թռչնատեսակների բազմացման վրա:
Հետազոտությունների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ փորձարկվողներից շատերը ցուցաբերել են բազային գծի տեղաշարժի համախտանիշ: Այսինքն՝ մարդիկ ապավինում են իրենց սեփական փորձին եւ անտեսում, օրինակ, պատմական տեղեկատվությունը: Եվ այսպես, երիտասարդները շրջապատող բնությունը ընկալում են որպես նորմալ եւ գուցե ուշադրություն չեն դարձնում առկա խնդիրներին: Ըստ հետազոտության գլխավոր հեղինակ Լիզի Ջոնսի, սերունդների միջեւ բնապահպանական հարցերում ավելի սերտ համագործակցություն է անհրաժեշտ։
Անցյալը մոռանալու խնդիրը, երբ բնությունը ավելի հարուստ եւ բազմազան էր, եւ այն փաստը, որ նոր սերունդները պարզապես չգիտեն դրա մասին, հայտնի է որպես բազային գծի տեղաշարժի համախտանիշ: Այս գաղափարը առաջադրվել է 1995 թվականին՝ Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Դենիել Փոլիի կողմից:





























