Մարդկային դեմքերի նողկալիության մասին դատողությունները հիմնված են վարակիչ հիվանդությունների վախի վրա: Այս եզրակացությունը, ինչպես գրում է Social, Psychological & Personality Science-ը, արել են Ավստրալիայի գիտնականները, ովքեր թեմայի վերաբերյալ մի քանի փորձեր են անցկացրել, հայտնում է Planet-Today-ը:
Փորձերին մասնակցած կամավորներին ցուցադրվել են սուբյեկտիվորեն գրավիչ եւ ոչ գրավիչ մարդկային դեմքերի, կենդանիների եւ որոշ օբյեկտների, օրինակ՝ շենքերի լուսանկարներ: Ոչ գրավիչ օբյեկտները համարվել են զզվելի, փորձի մասնակիցները հիմնականում փորձել են խուսափել դրանցից: Մարդիկ նաեւ ավելի քիչ գրավիչ են համարել հիվանդությունների հետ կապված օբյեկտների նկարները, օրինակ, քչերին է դուր եկել ժապավենային ճիճվի պատկերը: Նման օբյեկտները, ինչպես նշում են գիտնականները, առաջացնում են հիմնականում զզվանք, ոչ թե տխրություն կամ վախ:
«Գեղեցկության վերաբերյալ դատողությունները շատ սուբյեկտիվ են՝ դրանք կախված են մարդուն շրջապատող միջավայրից, ինչպես նաեւ մշակութային եւ անհատական տարբեր առանձնահատկություններից: Նույնը վերաբերում է նաեւ զզվանքին, որը համարվում է գեղեցկության հակառակը: Բայց զզվանքով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ մարդիկ, ամենայն հավանականությամբ, սարսափելի են համարում այն օբյեկտները, որոնց հետ հազվադեպ են առնչվում: Բացի այդ, զզվելիության մասին դատողությունները կենսաբանական նախադրյալներ ունեն՝ պայմանավորված ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու վախով»,- ասում է Մելբուռնի համալսարանից Քրիստոֆ Քլեբլը: Քլեբլը նշել է, որ սա գիտահետազոտական առաջին նախագիծն է, որում հաջողվել է փորձնական հետեւել զզվելիության մասին դատողությունների արմատներին:





























