Վարոշա ուրվական քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում, նախատեսվում է բացել մոտ ապագայում, գրում է Lenta-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Վարոշան կբացվի բնակեցման եւ ներդրումների ներգրավման համար ՝ ինքնահռչակ հանրապետության միջազգային ճանաչման համար, քանի որ Թուրքիան հավակնում է Կիպրոսի ափին գազի ծովային պաշարներին:
«Եթե կիպրացի հույները կցանկանան գալ, հայտարարել իրենց սեփականության իրավունքի մասին, վճարել դրա դիմաց, զբաղվել բիզնեսով եւ այլն, դա հնարավոր կլինի, երբ բոլոր իրավական հարցերը լուծվեն»,- ասում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:
Կղզին փաստացի բաժանված է երկու մասի՝ այն բանից հետո, երբ 1974 թվականին թուրքական զորքերը գրավեցին հյուսիսային Կիպրոսը: Դա տեղի է ունեցել հեղաշրջման փորձից հետո, որի ընթացքում Աթենքում ռազմական խունտան փորձում էր միավորել Կիպրոսը Հունաստանի հետ: Միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը նույնպես հավակնում է կղզու ափերի մոտ ցանկացած էներգետիկ ռեսուրսի:
Վարոշան, որը գտնվում էր Ֆամագուստա նավահանգստի մոտակայքում, կղզու հիմնական զբոսաշրջային հանգստավայրն է եղել, նախքան այն, երբ քաղաքը լքեցին եւ այն փակվեց թուրքերի կողմից՝ Հյուսիսային Կիպրոսի գրավումից հետո: Քաղաքում առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելը կնշանակեր ընդունել թուրքական վերահսկողությունը, իսկ Վարոշան կարգավորելու պլանը սպառնում է ուժեղացնել Կիպրոսի եւ նրա դաշնակից Հունաստանի միջեւ արեւելյան Միջերկրական ծովում բնական գազի հորատման շուրջ լարվածությունը:





























