Չինաստանի մայրաքաղաքում վերջին երկու կորոնավիրուսով վարակակիրները հիվանդանոցներից դուրս են գրվել, քաղաքի բժշկական հաստատություններում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ ոչ մի պացիենտ չի մնացել։ Այս մասին այսօր հայտնել է հիգիենայի եւ առողջապահության հարցերով պեկինյան կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեկինում վիրուսի տարածման ամբողջ շրջանում գրանցվել է 935 հիվանդացած, որոնցից 335-ը՝ հունիսին «Սինֆադի» մեծածախ շուկայում տեղի ունեցած բռնկման ժամանակ։ Քաղաքում գործում են համաճարակաբանական վերահսկման մեղմացված միջոցառումներ՝ փողոցում դիմակի կրումը պարտադիր չէ, սակայն այս թույլտվությունը չի տարածվում հանրային տրանսպորտում գտնվող անձանց վրա, ինչպես նաեւ նրանց, ովքեր այցելում են խանութներ, կինոթատրոններ, պետհաստատություններ եւ այլ բազմամարդ վայրեր։
Ըստ վիճակագրության՝ Չինաստանի մայրցամաքային հատվածում ապաքինվել է հիվանդացածների 94,13 տոկոսը։ 2019 թվականի դեկտեմբերին հիվանդացածների թիվն անցել է 84,9 հազարից, վերջին 7 օրում հայտնաբերվել է 108 դեպք (հիվանդանոցներում պացիենտների թվի կրճատման դինամիկան մեկ շաբաթում կազմել է օրական շուրջ 6,7 տոկոս)։ Ապրիլի 15-ից երկրում մահվան դեպքեր չեն գրանցվել, մահացության ցուցանիշը կազմել է 5,45 տոկոս (մահացել է 4,6 հազարից ավելի մարդ)։ Տեղական բուժհաստատություններում գտնվում է կորոնավիրուսով 347 պացիենտ (անցած մեկ օրում ապաքինվել է 54 մարդ), միայն 7-ի մոտ է հիվանդության ընթացքը ծանր։





























