Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր՝ օգոստոսի 26-ին, ավարտվեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատավոր Արթուր Մկրտչյանը դատավարության մասնակիցներին չհայտնեց, թե երբ է հրապարակվելու որոշումը։

Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։

Պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի։

Երեմ Սարգսյանն անդրադառնալով մեղադրող դատախազի այն խոսքին, որ Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ասել է. «5 ամիս ստորագրությամբ ազատության մեջ էր. ի՞նչ փոխվեց»։

Պաշտպանները պնդել են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):