Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի ժողովրդականությունը ընտրողների շրջանում չի ավելացել դեմոկրատների համագումարից հետո, որը նրան պաշտոնապես առաջադրել է նախագահի պաշտոնում, ցույց է տվել Reuters-ի եւ Ipsos-ի հարցումը: Սա կարող է ամերիկացիների քաղաքական հայացքների աճող կայունության մասին վկայել:
Բայդենը պահպանել է իր առավելությունը նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ օգոստոսի 19-25-ը անցկացված համապետական հարցումներում՝ գրանցված ընտրողների 47%-ը սատարում է դեմոկրատին, համեմատած հանրապետականի 40%-ի հետ: Նույն տարբերությունն էր Դեմոկրատական կուսակցության համագումարից առաջ, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով առցանց է անցկացվել։
Մի քանի հնարավոր բացատրություններ կան այն բանի համար, որ Բայդենի վարկանիշը չի աճել՝ կուսակցության համագումարն անցկացվել է սովորականից ուշ, եւ դեմոկրատ-ակտիվիստները դրան մասնակցել են հիմնականում հեռվար կապի միջոցով։
Ակնհայտ է նաեւ, որ այս տարի չկողմնորոշված ամերիկացիների մասնաբաժինը ցածր է: Գրանցված ընտրողների մոտ 14%-ը նախապատվություն չի տվել առաջատար կուսակցություններից որեւէ մեկի թեկնածուին, ինչը զգալիորեն քիչ է, քան 2016-ին 22%-ը։
Հարցումը ցույց է տվել, որ թեեւ Բայդենը բարելավել է իր դիրքերը աֆրոամերիկացիների շրջանում, Թրամփը «պոկել է» Բայդենի որոշ առավելությունները մեգապոլիսների արվարձաններում: Գործող նախագահը գրոհում է հակառակորդին՝ նրան ներկայացնելով որպես «ամերիկյան երազանքի» եւ միջին խավի ապրելակերպի համար սպառնալիք:
Ժողովրդականության մեջ Բայդենի առավելությունը աֆրոամերիկացիների շրջանում աճել է 6 տոկոսային կետով հուլիս-օգոստոս ամիսներին՝ Քամալա Հարիսին որպես փոխնախագահի թեկնածու ներկայացնելու որոշումից հետո: ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ սեւամորթ կինը հավակնում է Սպիտակ տանը պաշտոն ստանալ: Հարցված աֆրոամերիկացիների մոտ 71%-ը նշել է, որ ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել Բայդենին, 9%-ը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին:
Սակայն արվարձանների բնակիչների շրջանում Բայդենի ժողովրդականությունը նվազել է 4 տոկոսային կետով՝ մոտ 44%-ը ասել է, որ աջակցում է նրան, համեմատած 36%-ի հետ, որը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին:
Ըստ հարցման՝ Թրամփի գործունեությունից գոհ է ամերիկացիների 41%-ը, դժգոհ է 55%-ը: Գրանցված ընտրողները հիմնականում առաջնորդվում են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ամերիկյան վարչակազմի նկատմամբ վստահությունը վերականգնելու եւ երկրի տնտեսական վիճակի բարելավման թեկնածուի կարողություններով:
Գրանցված ընտրողները, ամենայն հավանականությամբ, Բայդենի մեջ COVID-19 համավարակին պատասխանելու եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու ուժ են տեսնում, մինչդեռ Թրամփը, հավանաբար, դիտարկվում է որպես տնտեսության հարցում ուժեղ թեկնածու:
Հարցումն անցկացվել է առցանց, անգլերեն լեզվով, ԱՄՆ-ի ողջ տարածքում: Պատասխանները հավաքվել են 4320 մեծահասակներից, որոնցից 3829-ը գրանցված ընտրող է, 2230-ը արվարձանների բնակիչ, 488-ը՝ աֆրոամերիկացիներ:
Հետազոտության վստահության միջակայքը 2-5 տոկոսային կետի սահմաններում է:





























