Հայտնի հարավաֆրիկացի բնապահպան Ուեսթ Մեթյուսոնին հոշոտել են իր սեփական սպիտակ էգ առյուծները, երբ նա զբոսնելիս է եղել նրանց հետ, հայտնում է BBC-ն:
Ուեսթ Մեթյուսոնի կինը, ով նրան հետեւել է մեքենայով, փորձել է շեղել առյուծներին, բայց արդեն ուշ է եղել:
Մեթյուսոնը ղեկավարում էր հանրաճանաչ Lion Tree Top Lodge սաֆարին՝ Լիմպոպո նահանգում:
Առյուծներին ողբերգությունից հետո այլ որսորդական տնակ են տեղափոխել եւ, հավանաբար, հետագայում նրանց բաց կթողնեն վայրի բնություն: Հարազատները հայտարարել են, որ առյուծների հարձակումը կարող էր շատ կոպիտ խաղի հետեւանք լինել:
Ուեսթ Մեթյուսոնը փրկել էր առյուծներին «պահածոյացված որսից» - երբ կենդանիներին որսում են փակ տարածքում կամ բազմացնում են որսի համար։ Նա նրանց պահում էր իր կալվածքում տեղադրված վանդկում:





























