Հորդանանի առաջատար ծաղրանկարիչ Էմադ Հաջաջը ձերբակալվել եւ մեղադրվում է «բարեկամ երկրի» հետ հարաբերությունները խարխլելու փորձ կատարելու մեջ։ Դա տեղի է ունեցել նկարի հրապարակումից հետո, որը քննադատում է Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ խաղաղ համաձայնագիրը։
Ինչպես հայտնում է AFP-ը, Ամանի գլխավոր դատախազը Հաջաջին ուղարկել է պետական անվտանգության դատարան՝ ծաղրանկարի համար, որը համարել են «Արաբական Միացյալ Էմիրություններին վիրավորող»: «Դատախազը Հաջաջին մեղադրեց բարեկամական երկրի հետ հարաբերությունների խարխլմանն ուղղված գործողություններ կատարելու եւ նյութեր հրապարակելու մեջ եւ նրան ուղարկեց պետական անվտանգության դատարան»,- ասել է աղբյուրը:
Հաջաջը նկարը տեղադրել է իր Facebook-ի իր էջում, իսկ մի քանի ժամ անց նրան ձերբակալել են եւ տարել հարցաքննության:
Գլխավոր դատախազը որոշել է Հաջաջին 14 օր կալանքի տակ պահել՝ մինչեւ քննության ավարտը: Եթե ծաղրանկարիչը մեղավոր ճանաչվի, նրան կարող է մինչեւ հինգ տարվա ազատազրկում սպառնալ:
Ծաղրանկարը կոչվում է «Իսրայելը խնդրում է Ամերիկային, որպեսզի Էմիրություններին F-35 ինքնաթիռներ չվաճառի»:
Այն պատկերում է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զաիդին, ով ձեռքում բռնել է վրան իսրայեական դրոշ պատկերած աղավնի, որը թքում է ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյայի դեմքին:
52-ամյա Հաջաջը հայտնի ծաղրանկարիչ է Հորդանանում եւ արաբական տարածաշրջանում:
Նրա նկարները հրապարակվել են Հորդանանի մի շարք թերթերում, ինչպես նաեւ արտասահմանյան արաբական թերթերում եւ հիմնականում նվիրված են քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերին:
2017-ին նա օրենքի առջեւ կանգնել է այն ծաղրանկարի պատճառով, որը վիրավորական են համարել Հունական ուղղափառ եկեղեցու համար, իսկ 2000-ին նրան հեռացրել են հորդանանյան Al-Rai առաջատար թերթից՝ աղմկահարույց նկարի համար:





























