Կարիբյան ծովում առաջացած «Լորա» փոթորիկը հասել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի հարարեւմտյան հատվածին։ Հաղորդվում է առնվազն 4 մարդու զոհվելու մասին, փոխանցում է BBC-ն։
Քամին, որի արագությունը հասել է ժամում 150 կմ-ի, զգալի վնասներ է հասցրել, ավելի քան 500 հազար տներ մնացել են առանց էլեկտրականության, տեղական քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել։
Սակայն գլխավոր վտանգից հաջողվել է խուսափել՝ 3-ից մինչեւ 6 մետր օվկիանոսային ալիքը, որը կարող էր մահացու վտանգավոր ջրհեղեներ առաջացնել մայրցամաքի 60-70 կմ խորությամբ , այդպես էլ չի առաջացել։
Հիմա «Լորան» դասակարգվում է որպես արեւադարձային փոթորիկ, այլ ոչ մրրիկ։ Այն շարժվում է Արկանզասի սահմանի ուղղությամբ։
Լուիզիանայի նահանգապետ Բիլ Էդվարդսը լրագրողներին հայտնել է, որ տարերային աղետի հետեւանքով առնվազն 4 մարդ է մահացել։ Նրանք զոհվել են նահանգի տարբեր հատվածներում, երբ ծառերն ընկել են նրանց տան վրա։
Էդվարդսի խոսքով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Վախենում եմ, որ զոհերի թիվը կարող է մեծանալ։ Հուսով եմ եւ աղոթում եմ, որ այդպես չպատահի»,- ասել է նա։
Նահանգապետը հստակեցրել է, որ հիմնական վնասը հասցրել է քամին, այլ ոչ թե ջուրը։ Նահանգի իշխանությունները պետք է վերականգնեն եւ ստուգեն էլեկտրահաղորդման գծերը, ճանապարհները եւ կամուրջները։
Լեյք Չարլզ քաղաքում բեռնանավը բախվել է կամրջին, ինչը տեղի է ունեցել Biolab ընկերության քիմիական գործարանին բավականին մոտ, որտեղ հարվածի հետեւանքով տեղի է ունեցել քլորի արտահոսք, եւ հրդեհ է առաջացել։ Նահանգապետը տեղի բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ եւ պատուհանները չբացել։ Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ հրդեհն արդեն տեղայնացվել է։
Փոթորկի շարժման ճանապարհի գոտում բնակվում է մոտ 4 մլն մարդ։ Շերիֆները, ոստիկանությունը եւ այլ իշխանություններ պնդում են, որ նրանց մեծամասնությունը տարհանվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Լուիզիանայում, Տեխասում եւ Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարել, ինչը թույլ կտա դաշնային կառավարությանը նրանց ֆինանսական օգնություն ցույց տալ, եւ բնակիչներին կոչ է արել հետեւել տեղական իշխանությունների հանձնարարականներին։





























