ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն ինքն է կանգնած ամերիկացիների եւ աղետի միջեւ։ Նա այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի չորրորդ օրը պատվիրակների առջեւ ելույթ ունենալիս՝ պաշտոնապես համաձայնվելով դառնալ նախագահի թեկնածու։
Նրա խոսքով՝ իր մրցակից հանրապետական Ջո Բայդենը ցանկանում է ոչնչացնել «ամերիկյան մեծությունը»։
«Այս ընտրությունները կորոշեն՝ արդյոք կփրկենք ամերիկյան երազանքը,- ասել է Թրամփը։ - Ջո Բայդենը Ամերիկայի հոգու փրկիչը չէ։ Նա Ամերիկայի աշխատատեղերը ոչնչացնողն է, իսկ եթե նրան շանս ներկայանա, նա կդառնա ամերիկյան մեծությունը ոչնչացնողը»։
«Եթե իշխանության գան ձախերը, նրանք կքանդեն արվարձանները, կբռնագրավեն ձեր զենքը»,- ասել է նա՝ Բայդենին անվանելով «դավաճանությունների» եւ «կոպիտ սխալների» պատմությամբ մարդ։
«Նախկինում երբեք ընտրողները չեն բախվել երկու կուսակցությունների, երկու տեսակետների, երկու փիլիսոփայությունների եւ երկու օրակարգերի միջեւ այսքան ակնհայտ ընտրության առջեւ։ Մենք վերջին 4 տարին տրամադրել ենք վնասի վերացմանը, որը Ջո Բայդենը հասցրել է վերջին 47 տարում»,- նշել է Թրամփը՝ նկատի ունենալով Բայդենի կարիերան որպես սենատոր եւ ԱՄՆ փոխնախագահ։
Ելույթի ընթացքում նա խոստացել է Լուսնի վրա իջեցնել կնոջ, իսկ Մարսի վրա՝ ամերիկացիների, պաշտպանել Երկրորդ ուղղումը, հաջորդ 10 ամիսներին ստեղծել 10 մլն աշխատատեղեր, նվազեցնել հարկերը եւ վերջ տալ Չինաստանից մատակարարումների կախվածության շղթային։
Թրամփը ելույթ է ունեցել Սպիտակ տան հարավային բացատում, որը համագումարի վերջին օրը վերածել էր միջոցառումների շքեղ կենտրոնի։ Խախտելով նախագահական սովորությունը՝ գործադիր իշխանության առանձնատունը տարանջատել քաղաքական արշավից, Թրամփը մոտ 1500 սպիտակ աթոռներ էր դրել բեմի առջեւ՝ զարդարված ԱՄՆ դրոշների շարքերով եւ 2 վիթխարի տեսաէկրաններով։
Սպիտակ տան առջեւ հրապարակում ավելի քան 1000 մարդ թվաքանակով լսարանի առջեւ ելույթ ունենալու Թրամփի որոշումը քննադատություն է հարուցել այն պատճառով, որ նախագահը պաշտոնական նստավայրն օգտագործում է կուսակցական նպատակներով՝ անտեսելով կորոնավիրուսի փոխանցման վտանգը։ Ընդդիմախոսների կարծիքով՝ Սպիտակ տանը քաղաքական միջոցառման անցկացումը օրենքի պոտենցիալ խախտում է։
Սպիտակ տան հյուսիսային կողմում բողոքի ցույց էր անցկացվում Թրամփի դեմ։ Թրամփի ելույթի ժամանակ հետին պլանում թույլ լսելի էին շեփորների եւ շչակների ձայները։
Թրամփի ելույթի ավարտից հետո հրավառություն է կատարվել։





























