Չինացի սպառողները կարող են Apple-ը բոյկոտել, եթե Միացյալ նահանգներն արգելի WeChat-ը, նախազգուշացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է AFP-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեպտեմբերի կեսից WeChat-ի եւ չինական մեկ այլ հավելված TikTok-ի արգելման մասին՝ նրանց մեղադրելով ազգային անվտանգությանը սպառնալու մեջ։

Չժաո Լիցզյանը ուրբաթ «Թվիթերում» նշել էր, որ «եթե WeChat-ն արգելվի, ապա ապտաճառներ չեն լինի, որ չինացիները շարունակեն օգտվել iPhone-ից եւ Apple-ի արտադրանքներից»։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ «չինացիներից շատերն ասում են, որ կարող են դադարեցնել iPhone-ից օգտվել, եթե ԱՄՆ-ում WeChat-ն արգելվի», եւ ԱՄՆ-ին մեղադրել է պարբերական տնտեսական ճնշման մեջ։

Wechat-ը, որը Չինաստանում հայտնի է որպես Weixin, ունի ավելի քան 1,2 մլրդ ակտիվ օգտատեր։

WeChat-ի դեմ Թրամփի հրամանը պլատֆորմին հարկադրում է դադարեցնել Միացյալ Նահանգներում բոլոր գործարքները եւ ամերիկացիներին արգելում է նրա հետ բիզնես վարել։

Ըստ Counterpoint Research-ի տվյալների՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում Apple-ին բաժին է ընկել սմարթֆոնների չինական շուկայի 8 տոկոսը։