Հունաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Սալոնիկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության առջեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լուսանկարն այրելու երկու քրդերի փորձը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է այսօրվա իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Սալոնիկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության առջեւ, Հունաստանը դատապարտում է ցանկացած գործողություն, որը չի համապատասխանում խաղաղ ցույցերի ոգուն: Հունաստանի իշխանությունները համապատասխան գործողություններ են ձեռնարկել՝ ապահովելու հյուպատոսության շենքի անվտանգությունը»,-հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ը:
Երեկ երեկոյան մոտ 20 մարդ բողոքի ակցիա է անցկացրել հյուպատոսության առջեւ՝ կապված Թուրքիայում հացադուլից հետո փաստաբան Էբրու Տիմտիկի մահվան հետ: Ցույցից հետո երկու քրդեր փորձել են այրել Էրդողանի լուսանկարը: Ոստիկանությունը դեպքի վայրում 8 մարդու է ձերբակալել: Երկուսը կմնան կալանքի տակ, մյուսներին ազատ են արձակել:





























