Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ Դավիթ Հովհաննիսյանն ու Հանձնաժողովի փորձագետները մայիսի 16-18-ին եռօրյա այցով մեկնել են ԼՂՀ եւ ծանոթացել Արցախի մրցակցային դաշտում առկա խնդիրներին:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի  երկու փորձագետները մոնիտորինգ են  իրականացրել Ստեփանակերտի մանրածախ  առեւտրի կետերում, որից հետո ծավալվել է քննարկում՝ ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքների եւ ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

Դավիթ Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի նոր փոփոխությունները:

Նկատի ունենալով, որ Հանձնաժողովները երբեմն խնդիրներ են ունենում տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության հետ կապված, Դ. Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու օրինակելի ձեւանմուշներ եւ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում օժանդակել նաեւ ոլորտին առնչվող այլ հարցերում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ հաջորդ այցելության համար քննարկվող հարցերի շուրջ: