Հունաստանը զորավարժություններ է անցկացրել Էվրոսում, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով In.gr պորտալը: Նշվում է, որ բանակը բերվել է լիարժեք մարտական պատրաստության «թուրքական սադրանքի» պատճառով: Նշվում է, որ հունական բանակը դիտարկում է Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը:
Էվրոսում վարժանքներն անցկացվել են այն բանից հետո, երբ Անկարան օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ զորավարժություններ է անցկացնում Կիպրոսի հյուսիս-արեւմուտքում: Նույն օրը Եվրամիությունը Թուրքիային սպառնացել էր պատժամիջոցներով` Արեւելյան Միջերկրածովում հորատման ապօրինի գործողությունների համար: Անկարայի դեմ լրացուցիչ միջոցառումները կկիրառվեն մինչեւ սեպտեմբերի 24-ը, եթե թուրքական կողմից առաջընթաց չլինի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել չխառնվել Արեւելյան Միջերկրածովում տեղի ունեցող իրադարձություններին: Ըստ ղեկավարի` Անկարան կստանա այն ամենը, ինչ իրեն հասնում է, իսկ իրենց կանգնեցնելու փորձերը սխալ կլինեն: Հունաստանում իրենց հերթին հայտարարել են, որ Աթենքը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն Անկարայի հետ հակամարտությունում:
Թուրքիայի եւ Հունաստանի միջև հարաբերությունները վատթարացել են Արեւելյան Միջերկրածովում նավթի եւ գազի հետազոտման իրավունքի վերաբերյալ պահանջների պատճառով: Կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու եւ հորատման աշխատանքները վերսկսելու մեջ:





























