Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնածավալ մատակարարումը կսկսվի 2021 թվականի կեսերին: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր հետազոտող Սումյա Սվամինաթանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժն մեծ թվով կլինիկական հետազոտություններ են անցկացվում ամբողջ աշխարհում,- ասել է նա: - Իրականում իրավիճակը շատ լավատեսական է: Մենք թեկնածու պատվաստանյութերի մեծ թիվ ենք տեսնում, եւ մենք գիտենք, որ պատվաստանյութերի մշակման դեպքում հաջողության մակարդակը մոտ 10 տոկոս է: Ուստի մեծ հույսեր կան, որ դրանցից մի քանիսը կապացուցեն իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը»:
Սակայն, շեշտել է Սվամինաթանը, ցանկացած պատվաստանյութ պետք է լիարժեք կլինիկական փորձարկում անցնի երեք փուլից:
«Մենք սպասում են կլինիկական փորձարկումների III փուլում գտնվող պատվաստանյութերի արդյունքներին մինչեւ այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ,- ասաց փորձագետը:- Դրանից հետո մենք կապահովենք արտադրության մասշտաբայնացումը` պատվաստանյութերի հարյուր միլիոնավոր դեղաչափ արտադրելու համար: Իհարկե, աշխարհին միլիարդավոր դեղաչափեր են պետք, բայց դրա համար ժամանակ է պետք: Ուստի, իրատեսորեն ասած, 2021 թվականի կեսերին մենք կկարողանանք ուղղել պատվաստանյութերի դեղաչափերը բնակչության իմունիզացման համար»:
«Սկզբնապես մենք այնքան պատվաստանյութ չենք ունենա` բոլորին պատվաստելու համար,- ասել է նա: - Ուստի անհրաժեշտ կլինի ճիշտ առաջնահերթություններ դնել: Կարեւոր է, որպեսզի նախ ստանան այն պատվաստանյութի կարիք ունեցող մարդիկ` անկախ նրանից, թե որ երկրում են ապրում: Անիմաստ է մի երկրում պատվաստել ամբողջ բնակչությանը, իսկ մյուսները չափազանց երկար սպասեն: Դրա համար մեզ անհրաժեշտ է COVAX մեխանիզմը, որը թույլ կտա առաջին փուլում ապահովել պատվաստանյութերի հավասար եւ արդար բաշխումը` խորհրդակցելով ԱՀԿ-ի հետ եւ դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ»:




























