Ճապոնիայի հարավում եւ հարավ-արեւելքում հարյուր հազարավոր բնակիչներ ստացել են հրահանգ կամ խորհուրդ տանհանվելու մոտեցող «Հայշեն» սուպերթայֆունի պատճառով։ Երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը կիրակի կանխատեսել էր ռեկորդային ծավալով տեղումներ կարճ ժամանակահատվածում թայֆունի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օդերեւութաբանները նախազգուշացրել են օրական 600 մմ տեղումների մասին։ Որոշ շրջաններում քամու արագությունը կհասնի 50 մետր վայրկյանի։
Կիրակի մոտեցող թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 550 ներքին չվերթ։ JR West երկաթուղային օպերատորն իր հերթին որոշում է կայացրել սեպտեմբերի 7-ից դադարեցնել արագընթաց գնացքների աշխատանքը երկրի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում, ինչպես նաեւ կրճատել չվերթները Ճապոնիայի կենտրոնական եւ արեւմտյան հատվածների միջեւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Toyota, Honda եւ Mitsubishi Heavy Industries խոշորագույն ազգային ընկերությունները որոշել են դադարեցնել իրենց գործարանների եւ ձեռնարկությունների աշխատանքը թայֆունի տարածքում։ 7-Eleven շուրջօրյա խանութների 1 650-ը եւս կփակվեն երկրի հարավում եւ հարավ-արեւմուտքում։
Այժմ «Հայշենը» շարժվում է Խաղաղ օվկիանոսով դեպի Ճապոնիայի հարավային նահանգ Օկինավա 20 կմ/ժ արագությամբ։ էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 70 մ/վ-ի։
Սպասվում է, որ թայֆունը կհասնի Ճապոնիայի հարավային շրջան լույս երկուշաբթի գիշերը։
Երկրի վարչապետ Սինձո Աբեն ուրբաթ կառավարության արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ կարգադրել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տեղի բնակչության պաշտպանության համար։





























