Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-27-ին կմասնակցի Լայպցիգում (Գերմանիա) կկայանալիք Միջազգային տրանսպորտային ֆորումի (նախկին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) տարեկան նախարարական նիստին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, Տրանսպորտի բնագավառում նիստը համարվում  է Եվրոպայի խոշորագույն միջոցառումը, որին մասնակցում են ավելի քան 50 պետություն ներկայացնող տրանսպորտի նախարարներ, միջազգային տրանսպորտային կազմակերպությունների, խոշորագույն գիտական եւ կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների  ներկայացուցիչներ:

Առաջիկա նիստը կարեւորվում է նաեւ Միջազգային տրանսպորտային ֆորումի գլխավոր քարտուղարի ընտրություններով: Բացի այդ օրակարգում ընդգրկված են մի շարք կարեւոր հարցեր` կապված Միջազգային տրանսպորտային ֆորումի տարեկան բազմակի թույլտվությունների 2012 թ.-ի բաշխման, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների Եվրոպական Միության տարածքում սահմանափակումների, շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցման, տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների, տրանսպորտի անվտանգության բարձրացման եւ այլ թեմաների հետ:

Միջազգային տրանսպորտային ֆորումի շրջանակներում Լայպցիգում կստորագրվի նաեւ «Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր: