Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ էկոնոմիկայի նախարարը «Հյուսիսային հոսք 2» գազատարի դադարեցման հավանականությունը քիչ հավանակ են համարել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու գործի պատճառով Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների շրջանակներում, փոխանցում է Reuters-ը:
Գերմանիան խորհրդակցում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ այն մասին, թե ինչպես արձագանքել, եթե Ռուսաստանը չկարողանա օգնել պարզելու, թե ինչ է պատահել Նավալնու հետ, ով բուժվում է Բեռլինի հիվանդանոցներից մեկում:
Գերմանացի բժիշկները պնդում են, որ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ թունավոր նյութով:
Քննարկման հիմնական թեմաներից մեկը «Հյուսիսային հոսք 2»-ի ապագան է, որը պետք է սկսի աշխատանքը հաջորդ տարի: Պատգամավորների հետ հանդիպմանը Մերկելը կրկնել է իր կոչը ԵՄ-ին` արձագանքել Նավալնու վրա հարձակմանը, սակայն զգուշավոր դիրքորոշում է որդեգրել գազատարի հետ կապված, հայտարարել են հանդիպման մասնակիցները: Նա օրենսդիրներին ասել է, որ լսել է, որ որոշ մարդիկ խոսել են «Հյուսիսային հոսք 2»-ի մասին ԵՄ արձագանքի համատեքստում, սակայն կարծիքները տարբեր են եղել: Նրա խոսքով` ԵՄ մակարդակով շատերը Նավալնու գործը չեն կապում խողովակաշարի դադարեցման հետ:
Աղբյուրները նշում են, որ պահպանողական խորհրդարանական խմբի ղեկավար Ռալֆ Բրինքհաուսը եւս զգուշորեն է արտահայտվել խողովակաշարի դադարեցման մասին: Էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը բաց է թողել ապագա պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
Գերմանական արեւելյան բիզնեսի ասոցիացիայի ղեկավարն ասել է, որ իրավական տեսանկյունից գրեթե անհնար կլինի դադարեցնել նախագիծը:




























