Հայաստանում ախտահանող միջոցների արտադրություն կազմակերպելու համար առաջարկվում է պետական տուրք սահմանել: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս մի շարք կազմակերպությունների գործունեության գրանցումը իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Խոսքը, մասնավորապես, նոր գործունեության տեսակի՝ ախտահանող միջոցների մասին է: Դրանց արտադրության համար անհրաժեշտ է պետական տուրք վճարել»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ տվյալ միջոցը բխում  է Եվրասիական տնտեսական միության առջեւ Հայաստանի պարտավորություններից:

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ ձեռնարկությունների եւ արտադրանքների առաջնային պետական գրանցմահ համար սահմանված է բազային տուրքից՝ 1000 դրամից, 12-պատիկի չափով տուրք:

Նշենք, որ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: