Ֆրանսիական LVMH կոնցեռնը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել թանկարժեք զարդերի Tiffany ամերիկյան ապրանքանիշի ձեռքբերումը, ասվում է խմբի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Գործարքը պետք է որ ավելի քան 16 միլիարդ դոլար արժենա, գրում է Forbes-ը:
LVMH-ը նշում է, որ անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը պահանջում է գործարքի դադարեցում նոյեմբերի 24-ից ոչ ուշ: Սակայն Ֆրանսիայի կառավարությունը ընկերությանը խնդրել է հետաձգել ձեռքբերումը մինչեւ 2021 թվականի հունվարի 6-ը՝ ֆրանսիական ապրանքների վրա տուրքեր սահմանելու ԱՄՆ սպառնալիքի պատճառով, նշում է LVMH-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ Tiffany-ն նույնպես խնդրել է ֆրանսիական ընկերությանը գործարքի ժամկետը մինչեւ 2020թ․դեկտեմբերի 31-ը հետաձգելու մասին։ Ստեղծված իրավիճակում LVMH-ը չի կարող ավարտել Tiffany-ի ձեռքբերումը, նշել են ընկերությունում:
Ի պատասխան՝ Tiffany-ն մտադիր է դատական հայց ներկայացնել՝ պահանջելով ստիպել LVMH-ին կատարել պայմանագրի պայմանները եւ ավարտին հասցնել գործարքը, գրում է Bloomberg-ը: Ըստ Financial Times–ի աղբյուրների՝ ամերիկյան ընկերությունը ցանկանում է ապացուցել, որ LVMH-ը կանխամտածված դադարեցրել է գործարքը՝ գինն իջեցնելու համար:
Գործարքի խափանման մասին լուրերի ֆոնին Tiffany-ի բաժնետոմսերը ԱՄՆ-ի նախնական շուկայում ընկել են շուրջ 14%-ով, նշում է Bloomberg-ը: LVMH-ի բաժնետոմսերը նույնպես էժանանում են՝ չորեքշաբթի օրը Փարիզի աճուրդում դրանց արժեքը նվազել է 1,32%-ով՝ կազմելով 399,05 եվրո մեկ բաժնետոմսի համար:
Անցյալ տարվա հուլիսին Ֆրանսիայի խորհրդարանը օրենք էր ընդունել խոշոր թվային ընկերությունների՝ Amazon-ի, Apple-ի, Facebook-ի եւ Google-ի ծառայությունները հարկելու համար: Երկրի իշխանությունները որոշել էին, որ տեխնոլոգիական հսկաների տեղական եկամուտներից կգանձվի 3%, որը Ֆրանսիայում գերազանցում է 25 միլիոն եվրոն, իսկ ամբողջ աշխարհում՝ 750 միլիոն եվրոն: Օրենքը խիստ քննադատության է ենթարկել ԱՄն-ի կողմից: Մեկ տարի անց ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ֆրանսիայից 1,3 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար 25% լրացուցիչ տուրքերի սահմանման մասին։ Տուրքերի են ենթարկվել կոսմետիկ արտադրանքը եւ պայուսակները:





























