ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին Microsoft-ի եզրահանգումները առանց հիմնավոր ապացույցների ուշադրության արժանի չեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2016 թվականի արդյունքներով (երբ առաջին անգամ հայտարարվեց «ռուս հաքերների» խմբի հայտնաբերման մասին) մենք ոչ մի անգամ չենք տեսել ոչ մի համոզիչ փաստարկ, հիմնավորումներ կամ էլի ինչ-որ բան․․․, որոնք կվկայեին այն մասին, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող ինչ-որ կազմակերպություններ զբաղվել են ինչ-որ կիբեռհանցավորությամբ»,- ասել է Պեսկովը։
«Համաձայնվեք, որ այն ժամանակ չի եղել ոչ մի համոզիչ տեղեկություն։ Եղել են ինչ-որ բացարձակապես մերկապարանոց պնդումներ, այնպիսի ֆոբիաներ, որ եթե տեղի է ունենում ինչ-որ կիբեռհանցավորություն, ապա նշանակում է, որ անպայման ռուսներն են, այդպիսի կիբեռհրեշներն են դրանով զբաղվում։ Եթե սա նույն ոգով է, ապա այդ դեպքում ցածր որակավորում է։ Եթե իսկապես այնտեղ (Microsoft-ի զեկույցում) պարունակվում է ինչ-որ պրոֆեսիոնալ փաստարկում, ապա, իհարկե, արժե ականջալուր լինել»,- հստակեցրել է նա։




























