Պաղեստինը Բահրեյնից հետ է կանչել դեսպանին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման Մանամայի պլանների պատճառով: Ինչպես շաբաթ օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Պաղեստինի դեսպանը լքել է թագավորության մայրաքաղաքը:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ Բահրեյնի եւ Իսրայելի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Օգոստոսի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնության են եկել երկկողմ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու վերաբերյալ: Ըստ համաձայնագրերի՝ Իսրայելը կդադարեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պաղեստինը կտրուկ դատապարտել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու երկու արաբական պետությունների որոշումը: Հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Պաղեստինի դեսպանը հետ է կանչվել Աբու Դաբիից:
Սեպտեմբերի 9-ին կայացած ԱՊԼ նախարարական հանդիպմանը Պաղեստինը առաջ է քաշել էմիրաթա-իսրայելական համաձայնագիրը դատապարտող բանաձեւի իր տարբերակը, սակայն մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո արաբական երկրները համաձայնության չեն եկել՝ հիմնականում 2002թ․ բանաձեւի նախագծում ԱՄԷ-ի արաբական խաղաղության նախաձեռնությունից դուրս գալը դատապարտող պարբերություն ներառելու հարցի շուրջ, որը նախատեսում է արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորում, բայց միայն այն բանից հետո, երբ հրեական պետությունը դուրս գա 1967 թվականին իր գրաված տարածքներից եւ ճանաչի Պաղեստինի պետությունը Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Ըստ առկա տեղեկությունների՝ Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Սուդանը, ինչպես նաեւ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթն ու Օմանը դեմ են արտահայտվել: Արդյունքում բանաձեւը չի ընդունվել:
Այս պահին Եգիպտոսը եւ Հորդանանը խաղաղության պայմանագիր ունեն Իսրայելի հետ: ԱՄԷ իշխանությունների կարծիքով, Իսրայելի հետ իրենց համաձայնությունը ոչ միայն չի խափանի պաղեստինյան խնդիրը, այլ կարող է նույնիսկ նպաստել դրա լուծմանը:
Սպասվում է, որ ԱՄԷ-ի ու Բահրեյնի հետ Իսրայելի խաղաղության համաձայնագրերը կստորագրվեն սեպտեմբերի 15-ին՝ Սպիտակ տանը:





























