Բնակավայրերի սառեցումը կամ պաղեստինցիների հետ երկու պետություն ստեղծելու որոշումն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ ստորագրված Աբրահամյան համաձայնագրերի մաս չէ, գրում է JP-ն:
«Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայել պետության միջեւ Խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների եւ լիակատար կարգավորման մասին համաձայնագիրը» դրա կողմերին պարտավորեցնում է «շարունակել ջանքերն իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար, համապարփակ, իրատեսական եւ կայուն լուծմանը հասնելու ուղղությամբ»: Այն նաեւ պարտավորեցնում է նրանց «համատեղ աշխատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար, որը համապատասխանում է երկու ժողովուրդների օրինական կարիքներին ու նկրտումներին, ինչպես նաեւ` համապարփակ խաղաղությանը, կայունությանը եւ բարեկեցությանը Մերձավոր Արեւելքում»:
Նախաբանում նշվում է նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ Իսրայելի խաղաղության պայմանագրերը, որոնցից ոչ մեկը լուծում չի պահանջում երկու պետությունների համակեցության հիման վրա:
«Իսրայելի եւ Բահրեյնի միջեւ խաղաղության, համագործակցության եւ կառուցողական դիվանագիտական եւ բարեկամական հարաբերությունների հռչակագրում, որն ընդամենը մեկ էջ է, նշվում է, որ երկրները շարունակելու են «իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդարացի, համապարփակ եւ կայուն լուծման հասնելու ջանքերը»:
Համաձայնագրերից ոչ մեկում նշված չէր, որ Իսրայելը կդադարեցնի Հորդանան գետի Արեւմտյան ափի մասերի բռնակցման իր ծրագրերը, չնայած Նեթանյահուն հրապարակավ ընդունել էր, որ դա այդպես է:
Համաձայնագրում չի նշվել նաեւ որեւէ զենքի վաճառքի մասին, այդ թվում` F-35 կործանիչների, որոնք ԱՄԷ-ն ցանկանում է ձեռք բերել, մինչդեռ Իսրայելի դիրքորոշումն այն է, որ դա վտանգի տակ կդնի ԱՄՆ օրենսդրությամբ երաշխավորված իր որակական ռազմական առավելությունը Մերձավոր Արեւելքում:
Նեթանյահուի եւ Բահրեյնի արտգործնախարար Աբդուլաթիֆ Ալ Զայանիի ստորագրած հռչակագրում ասվում է, որ նրանք պայմանավորվել են լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ միասին աշխատել անվտանգության ապահովման համար` խթանելով խաղաղությունն ու համակեցությունը: Բացի այդ, Բահրեյնը եւ Իսրայելը նախատեսում են առաջիկա շաբաթներին համաձայնագիր ստորագրել ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ թռիչքների, հեռահաղորդակցության, տեխնոլոգիայի, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա բնապահպանության եւ դեսպանատների փոխադարձ բացման վերաբերյալ:
Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ փաստաթուղթը յոթ էջ է եւ ներառում է Մերձավոր Արեւելքում միջկրոնական հանդուրժողականության պարտավորությունը:
Համաձայնագրի մեկ այլ հոդված կողմերին կոչ է անում աշխատել «իրենց ընդհանուր նախնու` Աբրահամի ոգով»` խթանելու համակեցությունն ու հարգանքն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են միջկրոնական երկխոսությունը եւ մշակութային եւ ակադեմիական փոխանակումները:
Կողմերը պայմանավորվել են խաղաղության հաստատման, դիվանագիտական հարաբերությունների եւ կարգավորման, դեսպանների փոխանակման եւ դեսպանատների բացման, ինչպես նաեւ համագործակցության տարբեր ոլորտներում, այդ թվում` ֆինանսների և ներդրումների, քաղաքացիական ավիացիայի, հյուպատոսական ծառայությունների, նորարարական առեւտրատնտեսական հարաբերությունների, առողջապահության, գիտության, տեխնոլոգիաների եւ «տիեզերական տարածության խաղաղ օգտագործման»: Համաձայնագիրը ներառում էր 13 հավելված, որոնք հակիրճ նկարագրում էին համագործակցությունը հարցերի լայն շրջանակի շուրջ:





























