Ես հայտարարել եմ, որ նման պահվածք դրսեւորող դպրոցի տնօրենների հետ ամենեւին ցանկություն չունեմ աշխատելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանին, որը ազատվել էր տնօրենի պաշտոնից, բայց վերականգնել է:
Նախարարի խոսքով, Ռուզաննա Կոստանյանի հետ կա դատական գործընթաց. «Այսինքն առաջին նկատողության հետ կապված նա բողոքարկել է դատարան եւ ըստ էության, դրա արդյունքում նկատողության առկախում է գնացել: Երբ որ դատարանը որոշում կայացնի, նոր դրանից հետո կլինի նաեւ նախարարի համապատասխան հրամանը՝ շարունակում ենք նրա հետ աշխատել, թե ոչ:
Իմ օրոք եղել է երկու նկատողություն եւ մենք պետք է նրան հրաժեշտ տայինք, բայց քանի որ կա դատական գործընթաց, եւ առաջին նկատողության հետ կապված առկախում, մենք այս փուլում ձեռնպահ ենք մնացել գործընթացներ իրականացնելուց: Դատարանի որոշումից հետո գործընթացնել կիրականացնենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Կոստանյանը ամիսներ առաջ նախ ԿԳՄՍ նախարարի կողմից խիստ նկատողություն էր ստացել, ապա ազատվել աշխատանքից։ Բանն այն է, որ դեռևս հունիսի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե տվյալ դպրոցում ինչպե՞ս են ատեստատները հանձնելու համար միջոցառում կազմակերպել։ Տեսանյութը մեծ արձագանքի արժանացավ, քանի որ համավարակի պատճառով որոշվել էր միջոցառումներ չկազմակերպել։
Ավելի ուշ թիվ 114 դպրոցի աշակերտները նախաձեռնել էին ստորագրահավաք ի պաշտպանություն տնօրենի՝ Ռուզաննա Կոստանյանի և պարզաբանել, որ ատեստատների հանձնման միջոցառումը տեղի է ունեցել հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։
Հուլիսի 10-ին էլ հայտնի դարձավ, որ տիկին Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Դպրոցի տնօրենը նախարարությունից պահանջում է անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ հրամանը։





























