Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 7-ամյա երեխային այսօր`մայիսի 23-ին էլի վիրահատելու են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Ի դեպ, մայիսի 19-ին վիրահատել էին երեխայի ծնոտը: Իսկ այժմ այրվածքների փուլային վիրահատության առաջին վիրահատությունն է լինելու: Շուշան Հունանյանի խոսքով` այսօրվա վիրահատությանը վնասված հյուսվածքներն են հեռացնելու: Դրան հաջորդելու են մի քանի վիրահատություններ եւս: Շուշան Հունանյանը նշեց, որ երեխայի մարմնի 17 տոկոսը այրված է, այրվածքները` 3-4-րդ աստիճանի են: Նրա վիճակը մնում է կայուն, ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են Դեպքի վայր են ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։35-ին։

Սարսափելի վթարի հետեւանքով մահացել էր 4, վիրավորվել` 9 մարդ: Մահացածներից հայտնի է միայն երկու մեքենաների վարորդների ինքնությունը: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 24-ամյա Սերգեյ Բաղշյանն է, իսկ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ աշխատակից 62-ամյա Աշոտ Հովհաննիսյանն է: Հայտնի է նաեւ, որ նա նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում: Մյուս երկու մահացածների ինքնությունը դեռ ճշտվում է, նրանք անճանաչելի են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի