Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում բացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին չեն մասնակցելու Ղազախստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահները: Նուրսուլթան Նազարբաեւի եւ Էմամոլի Ռահմոնի փոխարեն գագաթնաժողովում ներկա կլինեն այդ երկրների վարչապետները, իսկ Թուրքմենստանը կներկայանա փոխվարչապետի մակարդակով: Ինչ վերաբերում է Ուզբեկստանին, ապա չի բացառվում, որ այս երկիրը ներկայացնի Ուզբեկստանի դեսպանը:
Բացի այդ, մինչ այժմ չի հաստատվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ժամանումը Քիշնեւ, ով նախօրոք հայտարարել էր, որ ցանկանում է մասնակցել գագաթնաժողովին: Յուշչենկոն մտադիր է երկկողմ հանդիպում ունենալ Դմիտրի Մեդվեդեւի հետ, սակայն հայտնի է դարձել որ այն չի կայանա Մոսկվայի նախաձեռնությամբ: Գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում է կայանալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ` ԼՂ խնդրի կարգավորման կապակցությամբ:
Գագաթնաժողովում քննարկման հիմնական թեման լինելու է ճգնաժամի հաղթահարումը ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում: Օրակարգում ընդգրկված են նաեւ մի շարք ֆորումների նախապատրաստական խնդիրները, որոնք կապված են հումանիտար ոլորտում ինտեգրացիոն գործընթացների, անվտնագության խնդիրների հետ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին` Քիշնեւում: Մոլդովան նախագահում է ԱՊՀ կառույցներում 2009-ի հունվարի 1-ից, իսկ 2010թ.-ից նախագահությունը կստանձնի Ռուսաստանը:



























