Ռուսաստանի գործողությունները եւ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր հակաահաբեկչական օպերացիայի իրականացնման որոշումը, եթե այն ընդունվի, կհամաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների հետ: Իսկ մինչ այդ Մոսկվան զբաղվում է դիվանագիտական գծով Թուրքիայի վրա ոչ ռազմական ճնշում գործադրելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի Ազգային ժողովի` Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ Հակաահաբեկչական համակարգման կենտրոն ստեղծելու կոչին, ապա, ըստ փորձագետի, Երեւանը, առաջին հերթին, պետք է կողմնորոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ինչից հետո արդեն հնարավոր կլինի խոսել այլ երկրների հետ համատեղ գործունեության մասին: «Ոչ ռազմական ճնշման հնարավոր ապահովման հարցում հետաքրքիր են նաեւ ԱՄՆ մոտեցումները, որոնք մինչ վերջերս չէին բացառում, որ Բաքվի կողմից նույն գծի շարունակման դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է բարձրացնել տարածքի անդրմանդատային կարգավիճակի հարցը: Սա միջազգային վերահսկողություն է նշանակում, այսինքն` այս դեպքում Ադրբեջանը կկորցնի Ղարաբաղը ցանկացած ձեւով, քանի որ գործարկվելու է Կոսովոյի սցենարի իրականացման մեխանիզմը, ինչն Ալիեւին ձեռնտու չէ»,- ասաց նա:
Փորձագետը հավելեց, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ հարաբերական անդորրը շփման գծում պետք է երկարաժամկետ լինի, քանի որ կառուցվել է մոսկովյան համաձայնագրում նախանշված «ճանապարհային քարտեզը». մարդասիրական առաքելություն, Կարմիր խաչի աշխատանք, անցում խաղաղության գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` հիմնարար սկզբունքների պահպանմամբ, որոնք դեռ չեն վերծանվում: «Այնուամենայնիվ, Ֆրանսիան կարծում է, որ կքննարկվի շրջանների փոխանցման եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եթե ավելի վաղ քննարկում էր այն, թե ով առաջինը որոշակի քայլի կգնա: Ադրբեջանն ասում է` կվերցնենք շրջանները, հետո կքննարկենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մինչդեռ Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթություն է համարում:
Այժմ արդեն պետք է խոսել միանգամյա գործընթացի մասին: Եթե առաջնորդվել միայն մադրիդյան սկզբունքներով, ապա խոսքը ոչ թե Ղարաբաղի ճանաչման, այլ միջանկյալ կարգավիճակ շնորհելու մասին է: Մոսկովյան համաձայնագիրը ծուղակ է, քանի որ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել, եւ եթե պայմանավորվածությունները խախտվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են որոշում կայացնել պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառելու մասին, սակայն «կարմիր գիծը» դեռ չի հատվել: Ամեն դեպքում, «ճանապարհային քարտեզը» չի բարձրաձայնվել եւ կորոշվի հրադադարի ռեժիմի կայունացումից հետո: Մնացած բոլոր մանրամասները կքննարկվեն ապագայում:
Իսկ մինչ այդ Ալիեւին հարկավոր է, այսպես կոչված, հաղթանակը, ուստի շատ բան է այժմ որոշվում մարտի դաշտում եւ հենց դրանից ելնելով էլ կողմերը կթելադրեն խաղաղության իրենց պայմանները»,- շեշտեց Տարասովը: Ընթացիկ պատերազմը Ղարաբաղում, ըստ նրա, հնարավոր չէ նեղացնել եւ դիտարկել միայն շրջանների եւ Ղարաբաղի կարգավիճակի տեսանկյունից: «Ալիեւը սկսել է մեծ աշխարհաքաղաքականությամբ զբաղվել` ներգրավելով Թուրքիային, ինչը, ըստ էության, տեղի չի ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում: Բաքուն ձգտում է ներգրավել Անկարային կարգավորման գործընթացում, վերաձեւակերպել բանակցային գործընթացը` չնայած Թուրքիան ոչ մի կապ չունի դրա հետ: Սակայն այսքանով չի սահմանափակվում, քանի որ այդ փաստը ազդում է նաեւ Իրանի շահերի վրա, որտեղ, ինչպես գիտեք, շատ ադրբեջանցիներ են ապրում: Սա կարեւոր է հենց «մեկ ժողովուրդ` երկու պետություն» թուրք-ադրբեջանական գաղափարի շրջանակներում: Բացի այդ, Թեհրանը չի կարող չմտահոգվել Սիրիայից պատերազմական գոտի վարձկանների ներգրավման կապակցությամբ, ինչը վտանգ է ներկայացնում իր հյուսիսային սահմանների համար: Այսինքն, հակամարտությունն այլեւս չպետք է դիտարկել բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի տեսանկյունից, այն շատ ավելի լայն է: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միաբերան հանդես եկան. Թուրքիան Անդրկովկասում անելիք չունի, եւ դասավորությունը փոխելու դրա փորձերն անհաջող էին, այդ պատճառով էլ Անկարան այդքան թույլ է մեկնաբանում կատարվածը»,- եզրափակեց նա:





























