Ընտանիքի հարցերով զբաղվող խորհրդատուն, ով  Ստամբուլում անցկացնում է դասընթացներ ընտանիքի ներսում շփումների թեմայով, առաջարկել է օրինականացնել բազմակնությունը՝ հղում անելով աշխարհիկ եւ կրոնական հենքին, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:

«Տղամարդը կնոջ մեջ փնտրում է ընկերասիրություն, սեքսուալ գրավչություն, մայրություն եւ տնային տնտեսությունը վարելու հմտություն: Եթե դուք օժտված չեք այդ հատկանիշներով, ապա պետք է պատրաստ լինեք, որ ձեզ դավաճանելու են»,- ասել է  35-ամյա Սիբել Ուրեսին, ով աշխատել է Ֆաթիհ, Ումրանիյե, Բահչելիեվեր եւ այլ պահպանողական համայնքների աշխատակազմերում: 

« Առողջ կինը, որը վերլուծում է, թե ինչ կարող է իր հետ պատահել ամուսնալուծության դեպքում, իմ կարծիքով, պետք է դիտարկի բազմակնությունը, որպես ելքերից մեկը»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ տղամարդկանց 85 տոկոսն, այսպես թե այնպես, դավաճանում է: Թուրք հասարակության պահպանողական շրջանում  այդ երեւույթը կոչվում է « կին, որի հետ ամուսնացել են իմամի միջնորդությամբ», իսկ հասարակության մյուս հատվածի համար այդ կինը կոչվում է սիրուհի:

Իսլամի տարբեր մեկնաբանությունների համաձայն՝ տղամարդիկ կարող են ունենալ չորս կին, սակայն իրավական տեսանկյունից այդ կանայք Թուրքիայում չունեն իրավունքներ, մինչդեռ բազմակնության օրինականացումն այդ կանանց իրավունք կտա ամուսնու սեփականության նկատմամբ: