Դժվար իրավիճակում գտնվող թուրքական լիրան հինգշաբթի օրը հասել է մեկ այլ ռեկորդային նվազագույնի՝ ընկնելով մինչեւ 7,95՝ մեկ դոլարի դիմաց, եւ շարունակում է շարժվել դեպի աննախադեպ 8 լիրա՝ մեկ դոլարի դիմաց:
Տնտեսական վերլուծաբանները վերջին մի քանի շաբաթների ընթացքում դժգոհություն են հայտնել Անկարայի կողմից ընդունված քաղաքական որոշումներից՝ պնդելով, որ արժութային խնդիրների պատճառը հենց դա է:
«Եթե քաղաքականությանը նայեք, նրանք շատ համառ են դարձել: Եվ անկեղծորեն անտրամաբանական ինչ-որ բան տրամաբանական դարձնելու անկեղծ փորձը դժվարացել է»,- CNBC-ին ասել է նախկին ներդրումային բանկիր եւ Կահիրեի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Անգուս Բլերը:
Տարեսկզբից լիրայի նկատմամբ դոլարն աճել է շուրջ 33%-ով: Բայց թուրքական արժույթն արդեն գտնվում էր թուլացման երկար հետագծում` կապված երկրի արտասովոր դրամավարկային քաղաքականության հետ, մասնավորապես` երկնիշ գնաճի պայմաններում տոկոսադրույքների բարձրացումից հաճախակի հրաժարվելու եւ լիրային աջակցելու համար արժութային պահուստները ծախսելու պատճառով:
Համեմատության համար նշենք, որ 2018-ի սկզբին դոլարն արժեր ընդամենը 3,77 լիրա: Այժմ վերլուծաբանները կանխատեսում են, որ այս ցուցանիշը կհասնի 8,5-ի:
«Դուք միավորում եք դրամավարկային քաղաքականությունն ու արտարժութային պահուստների կառավարումը, ինչը, մեղմ ասած, անարդյունավետ է, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքական դերը, ռազմական դերը եւ փոխգործակցությունը (Թուրքիայի) այլ պետությունների հետ:Ճիշտն ասած, շուկան չի սիրում անորոշություն, չի սիրում ագրեսիա»,- ասել է Բլերը՝ անդրադառնալով Անկարայի աճող ներգրավվածությանը բազմաթիվ ռազմական բախումներում եւ տարածքային վեճերում, այդ թվում՝ Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովի արեւելքում եւ վերջերս՝ Լեռնային Ղարաբաղի մարտերում:
Շատ ներդրողների վախեցնում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիությունը եւ ավելի ու ավելի ինտերվենցիոն արտաքին քաղաքական գործողությունները, ինչպես նաեւ վերջին տարիներին Թուրքիայի կենտրոնական բանկի վրա նրա ազդեցությունը, որն այժմ ավելի քիչ անկախ է համարվում: Էրդողանը հաճախ քննադատում է տոկոսադրույքները՝ դրանք անվանելով «չարիք» եւ թույլ չի տալիս կենտրոնական բանկին բարձրացնել դրանք, ինչը, ըստ տնտեսագետների մեծամասնության, պետք է արվի գնաճին դիմակայելու համար, որը ներկայումս Թուրքիայում կազմում է 11%-ից քիչ ավելի։
Commerzbank-ի վերլուծաբան Թաթհա Գհոշը նույնպես մռայլ կանխատեսում է արել՝ երկրի դրամավարկային քաղաքականությունն անվանելով «ոչ օրթոդոքս»:
«Լիրայի հետ կապված հիմնական խնդիրը կենտրոնական բանկի կողմից գնաճի հուսալի թիրախավորման բացակայությունն է, որն ի վերջո արժեզրկում է արժույթը»,- ասել է Գհոշը: «Հիմնական դրամական փիլիսոփայությունը մնում է ոչ օրթոդոքս: Ազատ արտարժույթի պահուստներն ընկել են մինչեւ բացասական արժեքներ եւ կապիտալի արտահոսքը շարունակվում է»:
Լիրայի արժեզրկումը ակնհայտ էր կորոնավիրուսի համավարակից դեռ շատ առաջ, բայց այժմ այն շատ ավելի մեծ ճնշման է ենթարկվում այն բանից հետո, երբ վիրուսը զրկել է նրան տուրիզմի կանոնավոր եկամուտներից: Գործազրկությունը գերազանցում է 14%-ը:
Կա նաեւ ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների սպառնալիք, քանի որ Անկարան շարունակում է պլանավորել փորձարկել վերջերս ձեռք բերած ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ չնայած Վաշինգտոնի բողոքներին: Բլերը նշել է, որ Սաուդյան Արաբիայի աճող բոյկոտը եւ արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթների դադարեցումը էլ ավելի կիջեցնեն լիրան:
«Կենսունակ տարբերակը կարծես թե տոկոսադրույքի հետ կապված հետագա քայլը պետք է լինի, դա կօգնի կասեցնել արժույթի անկումը»,- ասվում է Barclays-ի այս շաբաթվա զեկույցում:
Անցյալ շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկը 150 բազային կետով՝ մինչեւ 11,75%, բարձրացրել էր տոկոսադրույքը, ինչը զարմացրել էր շատ դիտորդների, եւ Barclays-ը կանխատեսում է, որ նույնը կարվի հաջորդ շաբաթ: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ տնտեսագետները սկսում են ներկայիս ընթացքից դուրս գալու միակ ելքը ԱՄՀ-ի օգնությունը համարել, որին Էրդողանը կտրականապես դեմ է, թվում է, որ ոկոսադրույքի բարձրացումը կարող է չբավականացնել թուրքական լիրայի համար:


























