Pfizer Inc-ը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ իր փորձնական պատվաստանյութն ավելի քան 90%-ով արդյունավետ է, հաղորդում է Reuters-ը:
Pfizer-ը եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech SE-ը դեղամիջոցների առաջին արտադրողներն են, որոնք հրապարակել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասշտաբային կլինիկական փորձարկումների հաջող տվյալներ: Ընկերությունները նշել են, որ դեռ չեն հայտնաբերել անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ եւ ակնկալում են այս ամիս պատվաստանյութի արտակարգ օգտագործման ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալ։
Թույլտվությունը ստանալու դեպքում դոզանների քանակն ի սկզբանե կսահմանափակվի եւ շատ հարցեր կմնան, այդ թվում` որքանով պատվաստանյութը պաշտպանություն կապահովի: Սակայն լուրերը հույս են ներշնչում, որ COVID-19-ի դեմ մշակման փուլում գտնվող այլ պատվաստանյութերը նույնպես կարող են արդյունավետ լինել:
«Այսօր նշանավոր օր է գիտության եւ մարդկության համար»,- ասել է Pfizer-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան: «Մենք մեր պատվաստանյութերի մշակման ծրագրի այս հանգրվանին ենք մոտենում այն ժամանակ, երբ աշխարհը դրա կարիքը շատ ունի, երբ վարակների մակարդակը նոր ռեկորդներ է սահմանում»:
Pfizer-ն ակնկալում է ստանալ ԱՄՆ լայն թույլտվությունը՝ 16-85 տարեկան մարդկանց համար պատվաստանյութի արտակարգ օգտագործման համար: Որպեսզի դա արվի, նրան անհրաժեշտ կլինեն ուսումնասիրության 44 000 մասնակիցների կեսի համար երկամսյա անվտանգության տվյալներ։
Pfizer-ը եւ BioNTech-ը ԱՄՆ կառավարության հետ 1,95 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել՝ այս տարիվանից 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ մատակարարելու մասին: Նրանք մատակարարման պայմանագրեր են կնքել նաեւ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Ճապոնիայի հետ:





























