2010 թ. օգոստոսից Խոսրովի արգելոց մուտք գործելու համար սահմանվել է մուտքավճար` 3000 դրամ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խոսրովի արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը: Նրա խոսքով` այդ արժեքն այս տարի չի փոփոխվել, սակայն ներկայում քննարկվում է որոշման նախագիծ, որով մուտքավճարը հետիոտնի համար կրկնակի էժանանալու է`մինչեւ 1500 դրամ:  Ըստ Վ. Բարսեղյանի` եթե նախկինում մուտքավճարը գանձվում էր բացառապես պատմամշակութային հուշարձաններ այցելելու համար, ապա նոր կարգով այն կտարածվի բոլոր հետիոտների վրա: «Մուտքավճարը բխում է արգելոցների կառավարման պլանից, եւ նպատակ ունի զարգացնելու էկոտուրիզմը»,- ասաց արգելոցի տնօրենը: Տրանսպորտային միջոցի համար կսահմանվի 10 հազ. դրամ մուտքավճար, իսկ ձիով ժամանածների համար` 5 հազ.:

Բացի այդ, ըստ Վ. Բարսեղյանի, Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող եկեղեցիները, ինչպես Հավուց Թառը կամ Աղջոց վանքը, Հայ առաքելական եկեղեցում գրանցված չեն, դրանք ընդամենը պատմամշակութային կոթողներ են, որոնք գտնվում են արգելոցի տնօրինության ներքո: «Այսօր եթե եկեղեցի ես գնում` չե՞ս վճարում: Մայր Աթոռ ես գնում` 1000 դրամ վճարում ես, ինչո՞ւ այս կոթողները այցելելու համար չպետք է վճարել»,- ասաց Վ. Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է «Ճանաչիր քո երկիրը» հ/կ-ի հայտարարությանը, ապա արգելոցի տնօրենն ասաց, որ այդ աղմուկը հանել են կարմիր համարանիշներով ՋԻՊ-ի այցելուները` 2 կին եւ 3 երեխա: Նրանցից գանձվել է 3000-ական դրամ մեծահասակների համար, եւ 500-ական դրամ` երեխաների համար: «Բաժանել` ստացել են 3500 դրամ յուրաքանչյուրի համար, այդտեղից էլ գալիս է այդ աղմուկը»,- ասաց Վ. Բարսեղյանը:

Այն հարցին, թե որքանո՞վ ճիշտ է եկեղեցիներ այցելող ուխտավորներից եւ հավատացյալներից գումար վերցնելը, Վ. Բարսեղյանը պատասխանեց, որ շատ հաճախ ստիպված են լինում ուխտավորների հետեւից մաքրել թափած աղբը, իսկ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում:

Նա վկայեց, որ համարյա բոլոր եկեղեցիների շրջակայքում այցելուները աղբ են թափում: