Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Հայաստանում կմեկնարկի «Kinderwall» կամ «Մանուկների պատ» կոչվող նախագիծը։

Նորարարական նախագծի նպատակն է համակարգիչ-տերմինալների միջոցով բարձրացնել երեխաների համակարգչային եւ ինտերնետային գրագիտության մակարդակը։ Նախագիծը կիրականացնի «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա»-ն։ Ասոցիացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Մանուկների պատ»-ը կամ ազատ էկրանները շուրջօրը միացված կլինեն, ու դրանց միջոցով երեխաները ինքնուրույն պիտի բացահայտեն վիրտուալ աշխարհը:

««Kinderwall»-ը նորարարական ծրագիր է, այլընտրանքային ուսուցման գաղափար, որը մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանում։ Երեխաները չիմանալով անգլերեն եւ համակարգչի հետ աշխատելու հմտություններ՝ կամաց- կամաց կսովորեն դրանք, իսկ այնուհետեւ կսովորեցնեն նաեւ ուրիշ երեխաների»,-ասաց Ա. Պողոսյանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2 համակարգիչ-տերմինալ տեղադրել Գորայք գյուղի գյուղապետարանի շենքի պատի մեջ, որոնք ապահոված կլինեն շուրջօրյա արագ ինտերնետով եւ բազային ծրագրերով։

«Յուրաքանչյուր համակարգիչ կունենա տեսախցիկ, որը կնկարահանի սարքից օգտվող բոլոր երեխաներին, իսկ ցանկացողները կկարողանան օնլայն հետեւել երեխաների աշխատանքին, կայքի այցելությունների վիճակագրությանը եւ նախագծի արդյունավետությանը»,-ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ համակարգիչները կունենան տարբեր ֆիլտրեր՝ պոռնո կայքերի, սոցցանցերի համար եւ այլն։

Kinderwall-ը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար։ Ծրագրի  փորձաշրջանը կտեւի մինչեւ սեպտեմբեր, որի հաջող ընթացքի դեպքում՝ նախագծի հեղինակները ցանկանում են դիմել դրամաշնորհի եւ Հայաստանի 150 գյուղերում եւս տեղադրել Kinderwall ինտերնետային տերմինալներ:

Տերմինալները աշխատելու են 24 ժամ, դրանք մինչև 2 մեգաբիթ արագությամբ ինտերնետով ապահովելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։

Իսկ ծրագիրը 2,5 միլիոն դրամով ֆինանսավորել է «Գորայք» գյուղում մասնաճյուղ ունեցող «Գեոթիմ» ընկերությունը, որը մինչ այդ գյուղում իրականացրել է տարբեր սոցիալական ծրագրեր:

Նշենք, որ  ծրագրի գաղափարն առաջին անգամ կիրառել է հնդիկ ֆիզիկոս Սուգատա Միտրան` տարիներ առաջ իրականացնելով «The hole in the wall» կամ «Խորշ պատի մեջ» ծրագիրը: Ըստ նրա՝ եթե Հնդկաստանի տարբեր քաղաքներում պատի մեջ տեղադրվի ինտերնետին միացված համակարգիչ, ապա 5 տարվա ընթացքում 500 միլիոն 6-12 տարեկան երեխա կունենա համակարգչից եւ ինտերնետից օգտվելու նվազագույնից անհամեմատ ավելի բարձր գիտելիքներ: