Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ այսօր` մայիսի 30-ին ժամը 12:00-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա` նվիրված Տիգրան Փոստանջյանի դեմ դատավարությանը:

Հիշեցնենք, որ այսօր արդեն 20-րդ օրն է, ինչ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրանը հացադուլի մեջ է, որով նա իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից եւ  իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից:

Ակցիային մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները, պատգամավորները, ովքեր պահանջում էին անհապաղ դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը եւ ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին: Ակցիան ուղեկցվել է հետեւյալ կարգախոսներով.

Մեր սերնդի կարգախոսն է` ազատություն, արդարություն, արժանապատվություն

Հեղափոխությունից սարսափողներ, ազատության հաղթարշավը անկասելի է

Մենք բոլորս Տիգրան ենք

37 թիվը չի կրկնվի

Ո’չ ստալինյան օրենքներին

Չե’ք վախեցնի

Հայտարարություն`  վարձով է տրվում ազատ բանտախուց: Պատվերների համար դիմել նախագահական: Գինը` պայմանագրային

Ներքին օգտագործման դատարան

Փնտրվում է Տիգրան Փոստանջյանին մեղադրող հոդվածը

Արթուր Մկրտչյան, ձեզ վեր մի’ դասեք օրենքից

Հարկերը` մեզնից, գործ սարքելը` ձեզնից

Համաներումից հետո թափուր բանտախցեր` նոր անմեղների համար

Հաշվեհարդար հայկական տարբերակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար, ապա նա կալանավորվել է: Տ. Փոստանջյանը հայտարարել է, որ այդ գործի մասին տեղեկացել է դատախազության կայքից եւ որ դա ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն: