«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի նախատեսում է կիրարկել դրամահավաքի նոր ձեւ` վիզա-քարտերի միջոցով: Այդ մասին այսօր`մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նրա խոսքով` հիմնադրամի կողմից կիրարկվող դրամահավաքի ձեւերը աշխարհում այլ զարգացած բարեգործական կազմակերպությունների կողմից օգտագործվող ձեւեր են: Դա SMS նվիրատվությւոններն են, փոստային բաժանմունքների միջոցով փոխանցումներ, դրամահավաք-ճաշկերույթներ եւ համերգներ:

Նոր է լինելու հատուկ վիզա-քարտերի ստեղծումը, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռքբերվել հայաստանյան բանկերից մեկի հետ: Այդ քարտերը կկոչվեն հիմնադրամ-քարտեր, որի միջոցով մարդիկ կարող են եւ օգտվել քարտից, եւ նվիրատվություն անել: Ա. Վարդանյանն չցանկացավ նշել բանկի անունը` խոստանալով դա անել տարեվերջում, երբ քարտերը կթողարկվեն:

Նշենք, որ այսօր Երեւանում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը, որին մասնակցեց նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: