Առաջին ազգային մանկական մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցանակաբաշխության կազմակերպիչները այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ մրցանակաբաշխության անցկացման նպատակը երեխաների խրախուսնելն է. նրանց համար ասպարեզ ստեղծելը:

Մասնակից երեխաների ցանկերը ներկայացրել են Կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարությունները, ինչպես նաեւ կատարվել է սեփական հետազոտություն:

Մոտ 20 անվանակարգերում մրցանակներ կհանձնվեն երաժշտության, գեղարվեստի, կրթության եւ սպորտի ոլորտներից հաջողությունների հասած, տաղանդավոր 16 երեխայի: Մրցանակաբաշխության աջակիցները նախարարություններն են, Երեւանի քաղաքապետարանը, «Աշտարակ կաթ» ընկերությունը, իսկ հաղթող երեխաներին նոթբուքեր կնվիրի «PC» էլեկտրոնային խանութը:

Նախատեսվում է մրցանակաբաշխությունը դարձնել ամենամյա, մշակել չափորոշիչներ, որպեսզի մյուս տարիներին ավելի մեծ քանակությամբ երեխաներ կարողանան մասնակցել: