Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը մայիսի 30-ին տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Օլեգ Եսայանն իր խոսքում շեշտել է 1918թ. Հայաստանի առաջին հանրապետության հռչակման փաստի պատմական նշանակությունը` որպես հայոց պետականության վերականգնման խորհրդանիշ: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ նման հանդիպումները հանդես են գալիս որպես երկխոսության հարթակ՝ կամրջելով անցյալի իրողությունները ներկայիս զարգացումներին, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով սփյուռքի հայրենակիցների հետ տեսակետներ փոխանակել պետականության զարգացմանն ուղղված առանցքային հարցերի շուրջ:
Միջոցառման ավարտին «Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Է. Դոլբակյանը ներկաների ուշադրությանն է արժանացրել նոր լույս ընծայված գեներալ Գ. Կորգանովի «Կովկասյան ճակատում հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը, որի ռուսերեն թարգամանությունը պատրաստել են Յու. Փիրումյանն ու Է. Դոլբակյանը:




























