«Առավոտի» խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է.
«Երբ հղփացած, լկտի եւ տգետ իշխանավորներին հակադրվում են նույնքան լկտի եւ տգետ հեղափոխականներ, որոնք վաղը ճիշտ նույնպիսի իշխանավորներ կդառնան` դա ելք չէ, դա շրջապտույտ է, եթե կուզեք, մեծ հաշվով, վերարտադրություն: Ելքը որքան էլ դա «պաթոսային» հնչի, ճշմարիտ արժեքները քարոզելն է եւ մեզ հասած դրական ժառանգությունը սրբորեն պահպանելը` հատկապես այն, որը մեր ժողովուրդը ստեղծել է 20-րդ դարում, երբ լավ կամ վատ` պետություն ուներ:
…Ես պատիվ եմ ունեցել մի քանի անգամ տեսնել Ղուկաս Չուբարյանին (քեռուս ընկերն էր): Համեստ, զուսպ, բարեհամբույր մարդ էր: Միջազգային մակարդակի քանդակագործ լինելով (բավական է հիշատակել մեր մշակութային խորհրդանիշներից մեկը` Մատենադարանի մոտի Մեսրոպ Մաշտոցի քանդակը)` նա չէր ձգտում փառքի եւ երկրպագության, երբեւէ որեւէ բան չէր խնդրել ոչ խորհրդային, ոչ էլ անկախ Հայաստանի իշխանություններից: Արիստոկրատ էր` այդ բառի լավագույն, օրինակելի իմաստով: Այսօր ագահությունից կուրացած մարդիկ նրա ընտանիքը փողոց են շպրտում: Ոչ միայն ընտանիքը, այլեւ նրա բակում դրված քանդակները. ժամանակակից «էլիտան» այնտեղ ցանկանում է տուն կառուցել` ոսկեզօծ զուգարանակոնքերով եւ հաստավիզ թիկնապահներով: Արիստոկրատներին գալիս է փոխարինելու «էլիտան»: Մեր ժամանակի առանձնահատկությունն է»:




























