Ներկայացնում ենք թերթի խմբագրականը.
«Հանրապետության տոնի կապակցությամբ երկրի նախագահը իր ուղերձում խոսում է «ազատ եւ պաշտպանված» քաղաքացիներ ունենալու անհրաժեշտության մասին եւ ընդհանրացնում. եթե մարդն իր հայրենիքում լիակատար ազատություն եւ իրավունքներ չունի, ումի՞ց կամ ի՞նչ պետք է պաշտպանի: Տրամաբանությունը, իհարկե, անխոցելի է: Սակայն ազատ քաղաքացին սոսկ ուղերձներով չի «ստեղծվում»: Հայրենիքը պաշտպանելու մոտիվացիա ունենալու համար իսկական քաղաքացին նախ վստահ է լինում, որ չի ծառայում արտոնյալների զավակների փոխարեն, որ իրեն չեն նվաստացնելու սեփական երկրի բանակում: Լիակատար ազատություն ունենալու գրավականը ազատ եւ հավասար ինքնադրսեւորման հնարավորություններ ունենալն է: Սեփական երկրի դատարանում իր իրավունքները պաշտպանելու կարողությունն ու վստահությունն է, ընտրական իրավունքի լիարժեք գործարկումն ու քաղաքացու քվեի հարգումն ու ճանաչումը:
Ազատ երկրում սեփական քաղաքացիներին հարստահարողները տեղ չեն ունենում, հանցագործներից շատերն անպատիժ չեն մնում, արհեստական մոնոպոլիաներ չեն ստեղծվում ու տնտեսական, բիզնես միջավայրը մի քանիսի կողմից անկաշկանդ չի ուզուրպացվում: Տարիներ շարունակ անհատին հպատակի, իր ձայնը, խիղճը, արժանապատվությունը վաճառողի, անզորի ու խեղճի հոգեբանություն է ներարկվել: Դա փոխելու համար հավատ ներշնչող, հետեւողական քայլեր են պետք, այլապես գեղեցիկ գաղափարները վերածվում են պարզ պոպուլիզմի»:




























